ԵԽ Նախարարների մշտական հանձնաժողովը, որ հետևում էր «Ա1+» հեռուստաընկերության հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած որոշման իրագործմանը ՀՀ իշխանությունների կողմից, հրապարակել է որոշում, որով գործը վերջնականապես համարել է փակված։ Սակայն այս որոշումը անիրավական են համարում 15 ՀԿ-ներ։ Նրանք կարծում են, որ Հայաստանի իշխանությունները այդպես էլ ոչինչ չեն ձեռնարկել «Ա1+»-ի տեղեկատվության իրավունքը վերականգնելու ուղղությամբ: 15 կազմակերպություններից է նաև «Ասպարեզ» մամուլի ակումբը։ Ուստի այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար զրուցեցինք ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։
«Նախ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ասում էր ոչ թե թույլ տալ «Ա1+»-ին հաճախականության մրցույթին մասնակցել, այլ ասում էր վերականգնել հեռուստաընկերության ոտնահարված իրավունքը։ Այս երկուսը տարբեր բաներ են։ «Ա1+»-ը եթեր պետք է վերադառնար՝ առանց մրցույթին մասնակցելու»,- ասում է Լևոն Բարսեղյանը։
Երկրորդ կարևոր պատճառը, որ, ըստ Լևոն Բարսեղյանի, պետք է հաշվի առնվեր, դա այն է, որ որոշ հարցեր «Ա1+»-ի գործով դեռ դատական քննության մեջ են։ Դրանց ավարտված լինելուց առաջ գործը ավարտված համարելը կարող է խոչընդոտել դրանց մինչև վերջ հետևողական քննությանը։ Այս ամենից զատ՝ վերջին կարևոր հետևությունը, որ կարելի է անել ԵԽ Նախարարների մշտական հանձնաժողովի որոշումից, Լևոն Բարսեղյանի գնահատմամբ, հետևյալն է. «Եթե մինչև հիմա մենք վստահում էինք Մարդու իրավունքների դատարանին, այժմ, փաստորեն, դա էլ վստահելի չէ»։










































