Գիշերը զինվորական համազգեստով մի խումբ զինված անձինք գրավել են Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը՝ գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով ականատեսներին: Վերջիններիս վկայությամբ՝ ներքին չվերթների տերմինալի մոտ գտնվում են համազգեստով 50 մարդ, ինչպես նաև 4 «ԿամԱզ» մեքենաներ: Բեռնատարների վրա չկա ո՛չ պետհամարանիշ, ո՛չ դրոշ, ո՛չ էլ այլ ճանաչողական նշան:
Interfax-ն էլ իր հերթին՝ հղում անելով ականատեսներին, հայտնում է մոտ 150 զինված մարդու ներկայության մասին: Հաղորդվում է, որ նրանք զինված են այնպես, ինչպես նրանք, ովքեր փետրվարի 27-ի առավոտյան զավթեցին ինքնավարության խորհրդարանի ու կառավարության շենքերը:
Սկզբում զինված անձինք շղթայել են ներքին չվերթների տերմինալը, այնուհետև առաջ շարժվել:
Թե ինչ նպատակ են հետապնդում հարձակվողները՝ հայտնի չէ:
Միևնույն ժամանակ օդանավակայանի տեղեկատու ծառայության աշխատակիցը RIA Novosti-ի հետ զրույցում ասել է, որ օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով, օդային հանգույցի զավթման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:







































