Volvo ընկերությունը գաղտնազերծել է իր հերթական կոնցեպտը: Այս անգամ Concept Estate-ը կցուցադրի ոչ միայն դիզայներների աշխատանքը, այլև ներքին տարածքը օգտագործելու նոր սկզբունքները:
Volvo Concept Estate-ը փաստացի իրենից ներկայացնում է Concept Coupe-ի նոր տարբերակը, որը ստացել է shooting brake բեռնախցիկը: Volvo-ի ներկայացուցիչները արդեն հասցրել են նշել, որ Concept Estate-ը նման է Volvo-ի հայտնի հին մոդելներին: Նրա հետևի դռները հիշեցնում են 1800 ES մոդելը, որը թողարկվել է անցած դարի 70-ականներին:
Սակայն կոնցեպտի գլխավոր խնդիրը վարորդի և մեքենայի շփման նոր սկզբունքներն են: Մեքենան գրեթե ամբողջությամբ կառավարվում է հսկայական սենսորային էկրանով և վարորդի դիմաց տեղակայված թվային սարքավորումներով:
Volvo-ի դիզայնի գծով տնօրենը պատմել է, որ կոնցեպտի ստեղծողները փորձել են մարդկանց մոտ շվեդական հարմարավետ հյուրասենյակի տպավորություն ստեղծել:
Պաշտոնապես հայտարարվել է, որ Concept Estate-ում իրականացված որոշ գաղափարներ կօգտագործվեն նոր սերնդի XC90-ի թողարկման ժամանակ, որի արտադրությունը կսկսվի այս տարի: Volvo-ի ներկայացուցիչները չեն տեղեկացրել, թե ուժային ինչ ագրեգատով է հագեցած Concept Estate-ը:









































