Այսօր՝ ապրիլի 17-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մամուլի ասուլիսը նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ: Ասուլիսի ժամանակ նշվեց, որ նախաձեռնության հայեցակարգի հիմքում ընկած գաղափարների շուրջ համախմբվում են մարդիկ և ստեղծում արդիականացման օրակարգ՝ ինչպես մարտամավարական և ոլորտային, այնպես էլ ռազմավարական հարթություններում: Ի՞նչ գաղափարներ են ընկած նախաձեռնության հայեցակարգի հիմքում. «Առաջին լրատվական»- ի հետ այս և այլ հարցերի շուրջ քննարկմանը մասնակցեցին «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության անդամներ՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և իրավաբան Կամո Ասատրյանը:
Ս. Պետրոսյանի խոսքով՝ Ժողովրդավարական համախմբումը, ըստ էության, ժողովրդավարության ճանապարհ ընտրած ցանկացած պետության ցանկալի հանգրվանն է. «Սա շարունակական գործընթաց է, ենթադրում է ոչ միայն ինստիտուտների, կառույցների ու օրենքների, այլ նաև սոցիալական, արժեքային հարթությունների ժողովրդավարացում, այսինքն՝ հասարակության բոլոր շերտերն ընդգրկող բազմամակարդակ ժողովրդավարացում է: Հիմքում ընկած են տարբեր նպատակներ, որոնք պետք է նպաստեն հասարակության արդիականացմանը, դրանցից են՝ սոցիալական շարժունակությունը, հանրային կառավարման գործընթացը նորարարական գիտելիքներով հարստացնելը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, մասնակցային ժողովրդավարության կայացումը, գիտավերլուծական հարացույցի ներդրումը, անորոշությունների հաղթահարումը, քաղաքական կայունությունը և այլն»:
Կ. Ասատրյանի խոսքով՝ «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության գործունեությունը կվերաբերի հասարակական կյանքի բոլոր ասպեկտներինին: Ս. Պետրոսյանը հավելեց, որ նախաձեռնության գործունեության հիմքում ընկած է լինելու սոցիալական և քաղաքական համագործակցությունը:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ժողովրդավարությունն արժեք է, և Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարական անցման փուլում:
Մանրամասն՝ տեսանյութում: