Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ նախկինի պես համարում է իրեն Ուկրաինայի օրինական նախագահ:
«Ես՝ Վիկտոր Ֆեոդորովիչ Յանուկովիչս, դիմում եմ Ուկրաինայի ժողովրդին,- ասվում է ITAR-TASS-ում ստացված Յանուկովիչի հայտարարությունում,- նախկինի պես ինձ համարում եմ ուկրաինական պետության օրինական ղեկավար՝ ընտրված Ուկրաինայի քաղաքացիների ազատ կամարտահայտման հիման վրա: Չեմ կարող անտարբեր լինել իմ հայրենիքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Կարծում եմ, որ իմ և ուկրաինական ընդդիմության առաջնորդների միջև՝ հարգարժան արևմտյան գործընկերների ներկայությամբ 2014-ի փետրվարի 21-ին ստորագրած համաձայնագիրը՝ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման մասին, չի կատարվել: Մեր երկրի շատ քաղաքների փողոցներում համատարած ծայրահեղականություն է: Իմ, իմ դաշնակիցների հասցեին հնչում են ֆիզիկական հաշեվհարդարի սպառնալիքներ»,- ասել է Յանուկովիչը:
«Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայի Գերագույն ռադայում, չունի լեգիտիմ բնույթ»,- ասել է նա:
«Ստիպված եմ խնդրել Ռուսաստանի իշխանություններին՝ ապահովել ինձ անձնական անվտանգությամբ՝ ծայրահեղականների գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ:
Որոշումները, որոնք ընդունվում են խորհրդարանի կողմից Ռեգիոնների կուսակցության խմբակցության և այլ խմբակցությունների անդամների բացակայությամբ, ովքեր վախենում են իրենց անվտանգության համար, անօրինական են:
Յանուկովիչը վստահություն է հայտնել, որ այդ պայմաններում բոլոր ընդունվող որոշումներն արդեն շուտով կապացուցեն իրենց անարդյունավետությունն ու չեն կատարվի:
«Այդ իրավիճակում պաշտոնապես հայտարարում եմ խորին քաղաքական ճգնաժամից Ուկրաինան դուրս բերելու կարևոր փոխզիջումային պայմանավորվածությունների կատարման համար մինչև վերջ պայքարելու իմ վճռականության մասին: Կոչ եմ անում անհապաղ մեր երկրի իրավիճակը վերադարձնել սահմանադրական դաշտ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ այժմ ակնհայտ է դառնում, որ Ուկրաինայի հարավ-արևելքում և Ղրիմում ժողովուրդը չի ընդունում անիշխանությունը և փաստացի անօրինությունը երկրում, որտեղ նախարարությունների ղեկավարներն ընտրվում են հրապարակում՝ ամբոխի կողմից:
«Ես, որպես գործող նախագահ, թույլ չեմ տվել Ուկրաինայի զինված ուժերին՝ միջամտել տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: Հրամայում եմ դա նաև հիմա: Եթե ինչ-որ մեկը նման հրաման կտա զինված ուժերին և ուժային կառույցներին, նման հրամանները կհամարվեն անօրինական և հանցավոր»,- հայտնել է Յանուկովիչը:











































