Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանն այսօր դադարեցրել է ջրադուլը, սակայն հացադուլը շարունակում է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց նրա պաշտպանը՝ Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ ճիշտ է, իր պաշտպանյալը ջրադուլը դադարեցրել է, բայց վիճակը կայուն չէ: Նա բավական քաշ է կորցրել, արյան ճնշումն էլ ընկել է: Փաստաբանի խոսքով` իրենք հորդորել են դադարեցնել հացադուլը, սակայն Սարգսյանը դեռևս անհայտ ժամանակով կշարունակի այն:
Նշենք, որ այսօր կայացել է գործով ըստ էության վերջին դատական նիստը, որի ընթացքում հրապարակվել է պաշտպանական ճառը, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Լուսինե Սահակյանն ասաց, որ պաշտպանական ճառում իրենք մանրակրկիտ, տող առ տող վերլուծել են մեղադրանքը՝ հիմնավորելով, որ այդ մեղադրանքի ոչ մի նախադասություն քրեական գործի նյութերով չի հիմնավորվել: Փոխարենը՝ ճիշտ հակառակը հիմնավորվել է: «Հարություն Սարգսյանին արդարացնող ապացույցները շատ ավելին էին, քան այն ապացույցները, որոնք ենթադրաբար մեղադրող կողմը ներկայացնում էր որպես Հարություն Սարգսյանին մեղադրող ապացույցներ: Այդպիսի ապացույցներ գոյություն չունեն, և մենք դա էլ հիմնավորեցինք: Այն ապացույցները, որոնք փորձում է ներկայացնել մեղադրողը, դրանցից շատերը հենց Հարություն Սարգսյանին արդարացնող ապացույցներ են»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ մեղադրող դատախազը Հարություն Սարգսյանի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում: Կբավարարի՞ արդյոք դատարանը դատախազի պահանջը` պարզ կդառնա մարտի 12-ին, երբ կհրապարակվի գործով դատավճիռը:
Թեև ողջ դատաքննության ընթացքում նշվում էր, որ Հարություն Սարգսյանն ու Կարեն Եսայանը միմյանց չեն ճանաչել, սակայն որոշ տեղեկություններով, նրանք Ամերիկայում համատեղ հյուրանոցային բիզնես են ունեցել, որը ներկայումս փորձում են խլել Ղուկասյանները: Խլելուն նպաստող գործողություններից է նաև սպանության ամբողջ մեղքը նրա վրա բարդելը:
Լուսինե Սահակյանը, սակայն, այս հարցի առնչությամբ ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, քրեական գործով նույնպես հիմնավորվել է, որ Սարգսյանն ու Եսայանը որևէ առնչություն իրար հետ չեն ունեցել, ընդհանրապես չեն հանդիպել և առնչություն չեն ունցել: Իսկ Կարեն Եսայանը ԱՄՆ-ում տաքսու վարորդ է եղել:










































