ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
«Անակնկալ չէ, հարցս ուղղված է Արմեն Աշոտյանին, որպես ԿԳ նախարար, որպես Տնտեսագիտական հալասարանի խորհրդի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունն էր, որը վերածվեց խայտառակ սկանդալի: Խուլիգանական մի խումբ կատարեց քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն, այսինքն՝ խոչընդոտեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեությանը: Սրանից հետո, փոխանակ տնտեսագիտական համալսարանի կառարման խորհուրդը, ԿԳ նախարարությունը պատժեին այդ երիտասարդներին, մենք իմանում ենք, որ այդ երիտասարդները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից պարգևատրվում են լավագույն ուսանողական մարմնի տարեկան տիտղոսով, որին ներկա է գտնվում նաև Սերժ Սարգսյանը»,- ասաց նա՝ հավելելով, որ որպես հետևանք, հավանաբար պարգևատրումներից ոգևորված, Ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն է ծեծկռտուք ու միջադեպ հրահրում:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է կատարվում կրթության համակարգի հետ, ապա նշեց, որ իր տպավորությամբ՝ կրթության համակարգում ձևավորել են հանրապետական խմբակներ և քրեակատարողական հիմնարկների օրինակով այդ խմբերին գործածում են բուհերն իրենց վերահսկողության տակ պահելու համար:
«Ձեզ ի՞նչ ա թվում, ձեզ թվում է՝ ձեր բուհերում պինդ հանրապետական տղերք կա՞ն, ու ուրիշ պինդ Հայաստանի քաղաքացիներ չկա՞ն, որ դրանց իրենց տեղը կդնեն: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կան, ու եթե այդպես շարունակեք, դուք տեսնելու եք այդ տեսարանները նորից: Ու էս անգամ՝ բոլորովին ուրիշ արդյունքով»,- ասաց Փաշինյանը:
ՀԱԿ պատգամավորի հարցադրմանը պատասխանելով՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ կատակի տվեց՝ ասելով. «Վերջապես մենք հանդիպեցինք: Ինչպես ես հիշում եմ, դեռևս անցյալ քառօրյային՝ պակաս բոցաշունչ, հռետորական հարցադրումներով, այս հարցը կրկին արծարծել էիք, ապա նկատեց, որ կրթության մասին խոսելիս հայոց խորհրդարանում պետք է ուրիշ տոնով խոսել, որովհետև կրթության համակարգը չի ներում չափից ավելի մեծ հռետորաբանություն, անգամ եթե դրա կարիքը կա՝ հաշվի առնելով, որ մարտի մեկի նախաշեմին երկու ճամբարների միջև որոշակի պայքար է գնում՝ ով ավելի շատ մարդ կհավաքի Ազատության հրապարակում կամ Մյասնիկյանի հրապարակում: Աշոտյանը հիշեցրեց՝ կրթության համակարգը Հայաստանում ավելի քան ապաքաղաքականացված է, իսկ նշված բուհի ուսխորհուրդը ներողություն է խնդրել այն լրագրողներից, ում վիրավորել է:
ԿԳ նախարարը նշեց, որ չի ցանկանում գնահատական տալ գիտական ատենախոսությանը՝ լինի դա քաղաքապետի, նախարարի, թե շարքային քաղաքացու աշխատանք, իսկ «այսպես կոչված ատենախոսություն» եզրույթի կիրառումն, ըստ նախարարի, կարող է իրեն թույլ տալ միայն համապատասխան գիտնականը:
Կրթության համակարգի քաղաքականացվածությանն անդրադառնալով՝ Աշոտյանը հետաքրքրվեց՝ արդյոք Փաշինյանը չի՞ կարծում, որ շատ ճիշտ է վարվել նախարարությունը, որ քաղաքական դրդապատճառով չի հեռացրել ոչ մի ուսանողի:
Նախարարի կարծիքով՝ Փաշինյանը, որպես անձնավորություն, ով քաղաքական դրդապատճառներով հեռացվել է համալսարանից, պիտի ողջունի, որ քաղաքական դրդապատճառով հիմա համալսարանից ոչ մի ուսանող չի հեռացվում: ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Երբ ես ուզեմ մարդ հավաքել, հաստատ էնքան մարդ կհավաքեմ, ու համոզված եղեք, էդ օրը ձեզ հաստատ դուր չի գա, երկրորդը՝ դուք խոսում եք հանցագործություն կատարած անձանց մասին: Էդ կարող ա՞ մարտի 1-ի հանցագործներն էլ են ներողություն խնդրել, դրա համար մինչև հիմա ձեր իշխանությունը գործը չի բացահայտում: էդ գործունեությունը դուք համարում եք գիտակա՞ն, լրագրողներին հայհոյելը համարում եք գիտակա՞ն: Ձեր գործունեության արդյունքում ՀՀ-ում դա համարվում է գիտական գործունեություն, ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի ատենախոսությունը, ես ասել եմ՝ ասում են, թե նրա ատենախոսությունը կարող եք կարդալ, լավ ատենախոսություն է, ես ասում եմ՝ իհարկե, լավ ատենախոսություն է, մենակ պետք է պարզել՝ ո՞վ է գրել այդ ատենախոսությունը»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիրը հենց այն է, որ նրանք իրենց հանրապետակյան բրիգադներին պահում են, որ հնարավորություն չունենան տեսնելու, թե Տարոն Մարգարյանն ինչ դժվարությամբ է կարդում, ինչ դողով:
Փաշինյանը, դիմելով Աշոտյանին, նշեց, որ ընդհանրապես, ՀՀ քաղաքացին իշխանության հետ խոսելու է այն տոնով, որով իրենք են խոսում: ԿԳ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց հարցադրման համար, ապա նշեց, որ երկրորդ հարցադրման ժամանակ Փաշինյանը տոնը փոխեց: «Ի՞նչ եք ուզում ասել, ի՞նչքան մարդ պիտի հավաքեք, որ ես վախենամ, ինչքան մարդ պետք է հավաքեք, որ մարտի մեկի կրկնությունը լինի, որ Հայաստանում փորձեք կրկնել այն դեպքերը, որոնց վրա մինչ օրս փորձում եք կապիտալ հավաքել Դուք և ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժը: Ի՞նչքան մարդ պիտի հավաքեք, որ մարտի մեկը դարձնեք քաղաքական նոր կալիբր, մարտի մեկից առաջ դրա մասին հիշել, մարտի մեկից հետո մոռանալ»,- ասաց նա:
Աշոտյանը կրկին արձագանքեց Փաշինյանի ելույթին՝ իբրև իմիջիայլոց ապաքաղաքականացված ուսանողներին անդրադառնալով և հիշեցնելով, որ ամենաքաղաքականացված ուսանողը հենց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն է, ամենաընդդիմադիր խմբակցություններից մեկի միակ կին պատգամավորը:










































