Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր կնոջ՝ Սանդրա Ռուլովսի ոևավագ որդու հետ Բաթումում հանդիպում է ունեցել ամերիկացի հանրահայտ ջազային փողհար Քրիս Բոթիի և բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Սթինգի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել նրանց բաթումյան համերգից առաջ։
Սաակաշվիլին երաժիշտներին հաճոյախոսություններ է արել՝ ընդգծելով, որ անձամբ ներկա է գտնվել 1994 թվականին Նյու Յորքի Madison Square Garden արենայում տեղի ունեցած Սթինգի համերգին և ցայժմ պահում է այդ համերգի տոմսը։
Սաակաշվիլիի խոսքերով՝ բոլորն անհամբերությամբ էին սպասում Բաթումում Քրիս Բոթիի ու Սթինգի համերգին։
Քրիս Բոթին ջերմորեն ողջունել է Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսին՝ ընդգծելով, որ նրան դիտել է CNN հեռուստաալիքով հեռարձակված սյուժեում և հիացել նրա հարցազրույցով։ Ի պատասխան՝ նա Սանդրա Ռուլովսից ստացել է իր շատ սիրած կարմիր խավիարը։
Հիշեցնենք, որ Քրիս Բոթին 2004 թվականին արդեն իսկ եղել է Վրաստանում՝ մասնակցելու Թբիլիսիում կայացող միջազգային ջազ փառատոնին։
Ի դեպ, երեկ տեղի ունեցած այդ համերգի, որում Սթինգը հանդես է եկել հատուկ հյուրի կարգավիճակում, տոմսերն արժեցել են 380 լարի (մոտ 230 դոլար), իսկ կանգնելու համար նախատեսված տոմսերի գինը եղել է 90 լարի (մոտ 55 դոլար)։ Եղել են նաև հրավիրատոմսեր։








































