«Ժառանգություն» կուսակցության նորընտիր փոխնախագահ Նարինե Դիլբարյանի խոսքերով՝ «Ժառանգությունը» կարծես ժամանակ էր տվել հեղափոխական իշխանություններին իրականացնելու իրենց ծրագրերը, որովհետև նպատակները համապատասխանում էին ազատական ժողովրդավարության այն սկզբունքներին, որոնք դրված են կուսակցության ծրագրի ներքո:
«Բայց տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ժամանակ տալուց բացի պետք է անցնել կուսակցական գործունեության, այսինքն` ցույց տալ գաղափարների այն տեղապտույտը, որն այսօր կատարվում է: Ուստի, կարծում եմ՝ «Ժառանգություն» կուսակցությունը մնացյալ ազատական և ժողովրդավարական, այսինքն` իր սկզբունքները կիսող կուսակցությունների հետ կփորձի լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դաշտում՝ միշտ երևան հանելով սկզբունքների և գործելակերպի հակասությունը, եթե այն, իհարկե, առկա է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: