2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագրի ամբողջացումից հետո արդեն այս տարի կմեկնարկի մարզադպրոցների ջեռուցման ապահովման ծրագիրը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ 2014 թվականին ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Ծրագիրը շարունակական է լինելու նաև հաջորդ տարի:
Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրով իրականացվելու են նաև երաժշտական և արվեստի դպրոցների ու գրադարանների հիմնանորոգման աշխատանքներ:
Մասնավորապես, կհիմնանորոգվի երաժշտական 9 և արվեստի 3 դպրոց: Ծրագրում ընդգրկված է նաև 12 գրադարան: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նախատեսվում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ դռների ու պատուհանների փոփոխման, տանիքի վերանորոգման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ:
Նշենք նաև, որ մշակութային կրթօջախներ հաճախող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Եթե 2012-ին նրանց թիվը կազմում էր 8999, ապա նախորդ տարի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների թիվը կազմել է 10037:












































