«Շատ հաճախ, երբ խոսվում է գրասենյակի մասին, այն ասոցացվում է անձի հետ։ Մենք հետևողականորեն գնացինք նրան, որ սփյուռքի հետ քաղաքականություն մշակող առանձին ինստիտուցիոնալ մարմին պետք է լինի։ Այն լինելու է իսկապես մեծ աշխատակազմ ունեցող գրասենյակ։ Եվ, կրկնում եմ, պետք չէ այն ասոցացնել մեկ անձի հետ։ Իհարկե, այդ բարձր չափորոշիչները, որոնք սահմանվել են, վստահ եմ, որ մենք ունենք իսկապես այդ ներուժը համահայկական մակարդակով գտնելու այդ մեկ հանձնակատարին որը կհամապատասխանի մեր չափորոշիչներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատարի թեկնածու։ Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ, 5 տարվա աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն ունեցող անձը։Պատգամավորը վստահ է, որ ունենալու ենք իսկապես աշխատող գրասենյակ։
«Մեր պատկերացմամբ՝ գրասենյակն ավելի շատ համակարգելու է նաև առանձին գերատեսչությունների ուղղակի կապը սփյուռքյան համայնքների հետ»,-ասաց նա։ Իսկ թե ով է թեկնածուն, Մխիթար Հայրապետյանը նշեց, որ կարճ ժամանակ է մնացել, առաջիկայում պարզ կդառնա։








































