Նովակ Ջոկովիչը 4 սեթում (6:4, 6:1, 1:6, 6:3) պարտության մատնեց Ռաֆայել Նադալին և իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց Wimbledon-ի չեմպիոնի տիտղոսը:
Փաստորեն Նովակը նաև դեմ առ դեմ պայքարում ապացուցեց, որ այսօր ինքն է աշխարհի ուժեղագույն թենիսիստը: Դեռ երկու օր առաջ, երբ սերբ թենիսիստը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիրը, արդեն պարզ դարձավ, որ ATP վարկանիշային նոր աղյուսակում (կհրապարակվի հուլիսի 4-ն) նա կշրջանցի Նադալին ու կգլխավորի այն: Չնայած այս մրցաշրջանում նրանց բոլոր 4 մրցավեճերն էլ ավարտվել էին Նովակի հաղթանակով, այսօր Նադալն ամեն ինչ անելու էր, որ թույլ չտա Ջոկովիչին 1-ին ռակետի ճանապարհը հաղթանակով սկսել:
Իսպանացին ոչ մի ջանք չխնայեց, սակայն ինչպես պարզվեց այսօր Ջոկովիչին հաղթենլն անհնար է: Եվ ընդհանրապես, այս մրցաշրջանում ընդամենը մեկ հոգու է հաջողվել պարտության մատնել Ջոկովիչին, և այդ մեկը մեծն Ռոջեր Ֆեդերերն է եղել: Եթե շվեյցարացին Roland Garros-ի կիսաեզրափակիչում չկանգներ Ջոկովիչի ճանապարհին, ապա նա վաղուց գլխավորած կլիներ վարկանիշային աղյուսակը:








































