Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչպես է կոռուպցիան ազդել բանակի վրա։ Նման հայտարարություն նախօրեին «Օրբելի» կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանը փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովի ժամանակ արել էր Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցը:
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, սակայն, կարծում է, որ Ապրիլյան պատերազմը դեռ թարմ է նման հետևություններ անելու համար։ Բացի դրանից՝ Ապրիլյան պատերազմին չհաջորդեց քննություն, որը միայն կարող էր օբյեկտիվ գնահատական տալ բանակում առկա կոռուպցիայի ազդեցության մակարդակի վերաբերյալ։ «Ապրիլյան պատերազմի հետ կապված շատ բաներ դեռևս փակ են, և մենք չունենք տեղեկատվություն ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ պաշտոնական մակարդակով։ Պաշտոնական մակարդակում չունենք, քանի որ շատ փաստաթղթեր ու փաստեր գաղտնի են, իսկ ոչ պաշտոնական մակարդակում չունենք ու հնարավոր է երբեք էլ չունենանք, քանի որ շատ երևույթներ այդպես էլ փաստաթղթային ամրագրումներ չստացան։ Օրինակ՝ մենք այդպես էլ հստակ չիմացանք, թե, ասենք, բարձրաստիճան X սպան այդ օրերին իրեն ինչպես է պահել, կամ X կառույցն այդ օրերին ինչպես է գործել։ Նման գնահատականը մի քիչ համարձակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց փորձագետը՝ հավելելով. «Ապրիլյան պատերազմը դեռ շատ թարմ է, որպեսզի մենք դրա վերաբերյալ հետևություններ անենք, կամ ասենք, որ դա ցույց տվեց, թե կոռուպցիան ինչպես է ազդել բանակի վրա։ Ավելին, եթե հնանա էլ, ժամանակ էլ անցնի, հնարավոր է, որ մենք այդպես էլ մինչև վերջ չիմանանք մեզ հուզող հարցերի պատասխանները։ Դրա համար պետք է օբյեկտիվ քննություն լինի, որը քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ հնարավոր կլինի պարզել իրականությունը։ Իսկ ապրիլյանի դեպքում նման քննություն չի եղել և դժվար էլ լինի։ Ինչքան ժամանակն անցնում է, այնքան ինֆորմացիան հնանում է։ Առավելագույնը, որ մենք կարող ենք իմանալ՝ զգալի ժամանակ անց գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման արդյունքում որոշ հետևություններ անելը կլինի, սակայն լիարժեք պատկերը երևի թե չենք էլ իմանա»։
Մեր դիտարկմանը, թե նոր իշխանությունների պարագայում ի՞նչ խոչընդոտներ կան ապրիլյանի մասով, որ օբյեկտիվ քննություն իրականացվի, փորձագետը նկատեց. «Խոչընդոտներն ի սկզբանե քաղաքական էին։ 2016-ին, եթե ինչ-որ բան բացահայտվեր, ապա հնարավոր է երկրի բարձրագույն ղեկավարությունը հայտնվեր ոչ բարենպաստ դիրքում։ Առնվազն կբացահայտվեր, որ մենք փաստացի ինչ-որ թերություն ենք ունեցել, իսկ դա, հայտնի պատճառներով, նախորդ իշխանություններին ձեռք չէր տալիս։ Ներկայիս իշխանություններն էլ գուցե կցանկանան ինչ-որ բան բացահայտել, բայց շատ ու շատ դեպքերում կբախվեն ռազմական գաղտնիքի հետ, երբ քաղաքական ինչ-որ կոնյունկտուրաների հետ կապված ինչ-որ հաշիվներ կան։ Օրինակ՝ ինչ-որ մի պաշտոնյայի ձեռք չտալ և նրանից նախկին իշխանությունների մասին ինչ-որ բան իմանալ։ Այնպես որ, Ապրիլյան պատերազմը մեզ համար դեռևս շատ մութ է կոռուպցիոն տեսանկյունից և մենք, չեմ կարծում, որ կարող ենք լիարժեք հետևություն անել և ասել, թե կոռուպցիան ինչպես է ազդել բանակի վրա»։
Մեր դիտարկմանը՝ այդ օրերին զինտեխնիկայի անսարք լինելը, վառելիք չլինելը չի՞ փաստում, որ բանակում կոռուպցիա է եղել, Հակոբյանը պատասխանեց, որ դա էլ ապացուցված չէ քննությամբ։ Իսկ պատերազմի ժամանակ նաև սև լեգենդներ են տարածվում՝ սկսած թշնամու կողմից մինչև քաղաքական կոնյունկտուրաներից ելնելով։
Ամեն դեպքում, Մհեր Հակոբյանի խոսքերով, աշխարհի ամենաուժեղ, կայացած երկրում, բանակում կոռուպցիա կա, կա նաև մեր բանակում, բայց տալ հարցի պատասխան, թե ինչպես է այդ կոռուպցիան ազդել բանակի վրա, չենք կարող։ «Բայց ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ կոռուպցիան այդ ժամանակ ժանգի պես պատել էր մեր երկրի պետական բոլոր մարմիններին, այդ թվում՝ բանակին, ինչն ընդհանուր առմամբ գցել էր բանակի մարտունակությունը»,- եզրափակեց փորձագետը։
Նշենք, որ Կոնստանտին Տասիցը նաև ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմնական պատճառն իշխանությունների անփոփոխ լինելն էր. իշխանական էլիտան երկրում տարիներ շարունակ նույնն էր մնում։ Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ Հայաստանում մականունավոր որոշ պաշտոնյաներ կասկածվել են քրեական հեղինակությունների հետ կապերի մեջ, քաղաքացու սոցիալ-տնտեսական խնդիրները հաշվի չեն առնվել:










































