«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արա Շիրինյանը, ով «Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած 23 թեկնածուներից է, նշեց, որ անախդեպ երևույթ և առաջընթաց է համարում այն, որ եթե նախկինում ՀՀ նախագահն էր նշանակում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին, ապա այժմ Հեռուստատեսային և ռադիոյի ազգային հանձնաժողովն է կազմավորում մրցութային հանձնաժողով, ընդ որում՝ այս տարի հանձնաժողովի կազմում ներգրավվելու են տարբեր ոլորտի մասնագետներ:
Արա Շիրինյանի խոսքով՝ Հանրայինում ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք. «Նախևառաջ օրենսդրորեն Հանրայինի կարգավիճակը պետք է ճշտվի, և նրան պետք է տրվեն հանրային հեռարձակմանը բնորոշ գործառույթներ: Փոփոխված օրենքում ինչ-որ չափով դա հաշվի է առնված:
Նույնիսկ հին օրենքը բավական դրական կետեր ուներ, բայց ցավն այն է, որ օրենքով նախատեսված դրույթները չէին պահպանվում: Հույս ունեմ, որ նոր Հայաստանում, նոր ժամանակներում հնարավոր կլինի Հանրային հեռուստաընկերությանը օժտել հենց հանրային հեռարձակողի գործառույթներով»: Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Հանրայինը պետք է ապահովի այլակարծություն:
Ա. Շիրինյանի դիտարկմամբ՝ հայկական մեդիան որոնումների մեջ է, ամեն ինչ շատ խառն է:
Մանրամասն՝ տեսանյութում:












































