Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը դարձել է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցը, ինչը միանգամայն բնական է։ Ավելի կենսական խնդիր, քան ղարաբաղյան հակամարտությունն է, Հայաստանը չունի։ Հետևաբար, բնականորեն Հայաստանի քաղաքական, մտավոր, դիվանագիտական ողջ ներուժը պետք է ուղղված լինի այդ խնդրի՝ մեզ համար նպաստավոր պայմաններով լուծմանը։ Ի՞նչ կտա այդ հարցում Վիեննայի հանդիպումը, ցույց կտա ժամանակը։ Բայց միարժեք է, որ Արցախի հարցի հայանպաստ լուծման համար մենք պետք է մոբիլիզացնենք մեր ողջ ռեսուրսը՝ ինչպես ներքին հարցերում՝ ամուր ու հզոր պետություն կառուցելու առումով, այնպես էլ՝ արտաքին քաղաքական ասպարեզում՝ հնարավորինս մեծ թվով դաշնակիցների ու գործընկերներ ձեռք բերելու իմաստով։
Արցախի հարցում, ընդհանրապես անվտանգության ապահովման ասպարեզում, այո, առաջնային դերը զինված ուժերինն է։ Միայն մարտունակ ու ժամանակակից սպառազինություններով հագեցած բանակը կարող է ապահովել մեր անվտանգությունը։
Սակայն անվտանգության հարցում, որքան էլ կարևոր, այդուհանդերձ բանակի դերը միակը չէ։ Նույնքան կարևոր է պետության մյուս ենթահամակարգերի, պետական կառավարման ողջ համակարգի կենսունակությունն ու ամրությունը։ Իսկ դրանց թվում ամենակարևորը ճկուն արտաքին քաղաքականությունն է ու ժամանակակից աշխարհի հետ համընթաց շարժվող դիվանագիտությունը։
Արցախյան հարցում և ընհանրապես անվտանգության ապահովման ասպարեզում մենք կարող ենք հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ կարողանանք ձեռք բերել հնարավորինս մեծ թվով դաշնակից ու գործընկեր պետություններ։ Ընդ ում, դրա համար Հայաստանի գործող իշխանությունն ունի ամենակարևոր ռեսուրսը՝ հանրային վստահությունն ու լեգիտիմությունը։ Ահա այդ ռեսուրսը պետք է նյութականացնել, կապիտալիզացնել աշխարհում նոր դաշնակիցներ գտնելու միջոցով՝ թեկուզև Հայաստանի իշխանության հայտարարած այն տրամաբանության շրջանակներում, որ արտաքին քաղաքականության ասպարեզում շրջադարձեր չեն լինելու։ Նոր դաշնակիցների որոնումն ամենևին չի նշանակում վտանգել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն ամենակարևորն է համարում։
Մյուս կողմից սակայն անթույլատրելի է որևէ երրորդ երկրի հետ հարաբերություններում Ռուսաստանի շահի դոմինանտությունը, ինչը մենք տեսնում ենք օրինակ Իրանի, Վրաստանի հետ Հայաստանի հարաբերություններում։ Դրա արդյունքն այն է, որ անցած շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունը ոչ միայն նոր դաշնակիցներ ձեռք չի բերել, այլ կարողացել է եթե ոչ վատթարացնել, ապա պասիվացնել հարաբերությունները շատ երկրների հետ։ Խնդիրը սակայն ոչ այնքան առաձին երկրների հետ հարաբերություններն են, այլ այն գաղափարաբանությունը, փիլիսոփայությունը, որ դրված է մեր արտաքին քաղաքականության հիմքում։ Օրինակ, անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի մասին խոսելիս հանդիմանանքով հայտարարում էր, թե ԱՄՆ-ը որևէ վերաբերմունք չի ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը։
Նույն հանդիմանանքով Նիկոլ Փաշինյանն անցած տարվա ամռանը խոսում էր Եվրամիության մասին։ Բնական է, որ նման աշխարհայացքով, նման փիլիսփայությամբ Հայաստանը ոչ միայն չի կարող նոր դաշնակցիներ գտնել, այլ շատ ավելի հավանական է, որ կվանի արդեն իսկ եղածներին։
Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ ինքը՝ որպես պաշտպանության նախարար «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը վերաձևակերպել է «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի։ Այս հայտարարությունը միանգամայն նոր մոտեցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գաղափարախոսության, փիլիսոփայության տեսանկյունից։ Դավիթ Տոնոյանը ըստ էության, խոսում է ուժի իրավունքի մասին։ Բայց այդ իրավունքն իրացնելու համար Հայաստանը պետք է դաշնակցիներ, հնարավորին չափ մեծ թվով դաշնակիցներ ունենա աշխարհում։
Բանակը, ինչպես միշտ կատարում է իր առաքելությունն ու գործառույթները ամբողջությամբ, բայց ցավոք բացակայում է դրան սպասարկելուն ուղղված համարժեք արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը։
Երկու օր հետո լրանում է ապրլյան պատերազմի երրորդ տարելիցը։ Այդ պատերազմը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ Հայաստանն աշխարհում չուներ դաշնակիցներ, իսկ մեր միակ ռազմավարական դաշնակիցը կամ գործուն կամ առնվազն լուռ համաձայնությամբ հավանության արժանացրեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Այդ մասին՝ Հայաստանի մենակ լինելու մասին, ի դեպ, հայտարարեց նաև այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եռաբլուրում մասնակցելով ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը։
Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքականությունը, մեզ համար պոտենցիալ դաշնակիցներին վանելու քաղաքականությունը կարող է հանգեցնել իրավիճակի, որում մենք կհայտնվենք կրկին մենակի, վճռական մենակի կարգավիճակում։
Եթե արդեն իսկ չենք հայտնվել։









































