Մարտի 29-ին Միչիգանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով հանրահավաքում, դեմոկրատներին, որոնք դեռևս պնդում են իր նախագահական քարոզարշավի և Ռուսաստանի միջև հավանական գործարքի փաստը, «հիվանդ մարդիկ» է անվանել:
«Սրանք հիվանդ մարդիկ են, և պետք է որոշակի պատասխանատվություն լինի, որովհետև այդ ամենը սուտ է»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Շատերն են տուժել այս խարդախությունից, բայց ամենակարևորը՝ մեր երկիրն է տուժել: Մեր երկիրը տուժել է»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Իր ելույթում նա հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆին, որը շարունակում է պնդել Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև «դավադրության» փաստը, չնայած Ռոբերտ Մյուլերի եզրակացություններին, «փոքրիկ ստահակ» է անվանել:
Նա նաև անհաճո է արտահայտվել դատական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերի վերաբերյալ. «Տարիներ շարունակ նա Մանհեթենից ընտրված կոնգրեսական էր, ես հզոր բաներ եմ կառուցել Մանհեթենում: Ես ստիպված էի պայքարել նրա հետ շատ և շատ անգամներ: Հիմա ես այստեղ եմ, և պետք է նորից հաղթեմ նրան…»,- ասել է Թրամփը:
«Եվ բոլոր ներկա և նախկին պաշտոնյաները, որոնք վճարել են, խթանել և աջակցել մեր երկրի քաղաքականության պատմության մեջ մեծագույն կեղծիքներից մեկը, պետք է պատասխանատվության ենթարկվեն», – եզրափակել է ԱՄՆ նախագահը:











































