Վերջին շրջանում շատ է անդրադարձ կատարվում Հայաստանի՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը որոշակիորեն բալանսավորելու անհրաժեշտությանը, ինչը նաև թելադրված է էներգետիկ անվտանգության կոմպոնենտով: Որոշ փորձագետների կարծիքով՝ միակ այլընտրանքն Իրանն է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նշեց, որ Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ՝ գազային կախվածության աստիճանի նվազեցումը միշտ էլ օրակարգային է եղել ՀՀ-ի համար. «Դեռ 2015թ. կառավարության կողմից հաստատվել է ՀՀ էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագիրը մինչև 2036թ., որտեղ հստակ գրված է, որ բնական գազի տեսակարար կշիռը մեր ընդհանուր էներգետիկ համակարգում պետք է նվազի մինչև 19 տոկոս, ներկայումս այն հասնում է 42 տոկոսի: Հաշվի առնելով հայ-իրանական տիրույթում առկա բանակցային գործընթացները՝ այս խնդիրը նոր արդիականություն է ստանում:
Բայց այս հարցը ներկայումս գտնվում է հռետորաբանության մակարդակում… Երբ հարցին մոտենում ենք կիրառական տեսանկյունից՝ տեսնում ենք, որ առկա են մի շարք խոչընդոտներ: Հիմնական խոչընդոտն այն է, որ Իրան-Հայաստան գազամուղը տարանցիկային չէ, այն ավարտվում է Արարատի մարզում, և խոսակցությունները, որ Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը և ենթակառուցվածքը բավական են Հայաստանի տարանցիկային ներուժն օգտագործելու համար, անհիմն են: Մյուս կարևորագույն խնդիրն այն է, որ շատ մեծ հարցականի տակ է Վրաստանի հետաքրքրությունը իրանական գազի նկատմամբ՝ հաշվի առնելով ադրբեջանական «Սոկար» ընկերության ներկայությունը Վրաստանում և այնտեղ նրա իրականացրած ակտիվ ներդրումային քաղաքականությունը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր կատարել՝ առաջին հերթին ակտիվ լոբբինգային գործունեություն ծավալել շահառու պետություններում՝ Վրաստանում, Իրանում և այլն: Եվ որպեսզի այդ լոբբինգը հնարավոր լինի իրականացնել, անհրաժեշտ է, որ մենք ունենանք էներգետիկ անվտանգության ռազմավարություն և էներգետիկ դիվանագիտության հայցեկարգ, որն այդպես էլ անկախությունից ի վեր չունեցանք»:
Փորձագետի կարծիքով՝ Իրան-Վրաստան գազատարի գործարկումը Հայաստանի տարածքով տեսականորեն հնարավոր կլինի իրականացնել երկու տարբերակով՝ նոր գազամուղի կառուցմամբ, որը պահանջում է հսկայական ֆինանսական միջոցներ, և 2016թ. մշակված սվոփային մատակարարումների տարբերակով:
Մանրամասն՝ տեսանյութում:









































