«Առաջին լրատվական»-ի խնդրանքով կառավարության վերջին նիստի ընթացքում «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծի շուրջ տեղի ունեցած զարգացումներին և սրանից բխող ու սրան առնչվող տնտեսական հեղափոխության, հարկային քաղաքականության մի շարք «անհասկանալի» դրվագների է անդրադառնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Շրջանառվող հարկային նոր քաղաքականությունը, որպես գաղափարախոսություն, ամբողջական չի ներկայացված: Կառավարությունն էլ հարկային գաղափարախոսության առումով առաջնորդվում է դրվագային լուծումներով: Ահավասիկ. անհատ տաքսիստներին ազատում են հարկերից, մինչև 2024թ.-ը միկրոբիզնեսին՝ ևս: Առանցքային հարց հանդիսացող եկամտահարկի առումով համահարթեցման գաղափարն են առաջ մղում: Հայտարարվում է շահութահարկն իջեցնելու մասին ու նույն տրամաբանության ծիրում խոսվում է գույքահարկի փոփոխության մասին: Ընդունենք, որ գույքահարկը պետք է փոխվի, բայց ո՞նց, ի՞նչ սկզբունքով: Ոչ ոք չգիտի: Հիմա էլ վերոնշյալներին ավելանում են գրավատները, փոխանակման կետերը, 5%-ից ավելի շաքար պարունակող գազավորված խմիչքներ արտադրողները և այդպես շարունակ: Կարծես հարկային դաշտում ծաղկաքաղ է, բայց առանց որևէ տրամաբանական սկզբունքի: Քանի որ այս ամենում ամբողջականություն, «կարմիր թել» չի երևում, քաղաքականությունն ընկալելի չէ: Անհասկանալի է, թե ինչի համար է մեկի դեպքում զիջումներ կիրառվում, մյուսի դեպքում՝ հակառակը: Միակ տրամաբանական բացատրությունը հարկային մուտքերի ավելացումն է:
Նախկին իշխանությունների օրոք՝ 2017թ.-ի Հարկային օրենսգրքի ընդունումով, մինչև այդ գործող սկզբունքը փոխվեց, հարկումը ուղղվեց դեպի սպառողը, հարկային բեռն ավելի ծանրացավ վերջինիս վրա: Այդ տրամաբանությամբ էլ անուղղակի հարկերը մեծացրին, ուղղակիները՝ նվազեցրին:
Բացատրվում էր, որ դա ուղղված է արտահանողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն: Տվյալ ժամանակաշրջանի տնտեսական իրավիճակի համար դա տրամաբանված մոտեցում էր: Զարմանալիորեն նույն մոտեցումն է դրսևորվում այսօր՝ հեղափոխական կառավարության կողմից, երբ իրենց իսկ նախաձեռնությամբ, ժողովրդի աջակցությամբ բոլորովին այլ իրավիճակ է:
Այս մոտեցումն արդեն խնդրահարույց է ու վտանգավոր: Այսօր անհամեմատ բարելավված իրավիճակ է, չկա կոռուպցիա, հովանավորչություն, կա ազատ մրցակցային միջավայր, ու այս իրավիճակում կառավարող ուժի կողմից դրսևորվում են կոռումպացված համակարգի համար մշակված մոտեցումներն ու սկզբունքները: Սրանից հետևում է, որ բիզնես մրցակցային դաշտը ոչ թե ընդլայնվում, մեծանում է, այլ սեղմվում: Դա միանշանակ խոչընդոտում է տնտեսության զարգացմանը:
Տրամաբանական հետևությունը նույնն է. խնդիրը ոչ թե տնտեսության զարգացում ապահովելն է, այլ բյուջեի հարցեր լուծելը: Եթե չենք կարողանում բյուջե լցնելու փակ շրջանից դուրս գալ և բյուջետային ու տնտեսական աճի խնդիրները դիտարկել առանձին, փոխկապակցված հարթություններում, դատապարտված ենք պարտության:
Անընդունելի է հարկային քաղաքականությունը պայմանավորել անուղղակի կամ ուղղակի հարկերով, ինչը հիմա փորձում են անել: Ինչի՞ համար: Եթե արտահանման վիճակի բարելավման, մեր ապրանքների մրցունակության բարձրացման, ապա դրա համար ամբողջ հարկային դաշտը պետք է ցածր լինի: Այս մոտեցումը միանշանակ չի աշխատում: Կա ավելի հիմնավոր մոտեցում, որին, սակայն, չեն անդրադառնում: Հայտարարվում է ավելացված արժեքի հարկի համահարթեցմանն անցման մասին:
Այսօր մեր տնտեսությանն այդ հարկատեսակն ընդհանրապես պետք չէ, որովհետև մեր տնտեսության կառուցվածքը փոխվել է: Բիզնեսը ԱԱՀ-ն սահմանի վրա գանձելու բեռի տակ է 1998թ.-ից: Այս մոտեցման հիմնադիր վարչապետը ավելի ուշ հրապարակավ առաջարկեց վերացնել իր ներդրած այդ վայրի մեթոդը: Եթե կառավարությունը համարձակություն ունենա ԱԱՀ-ն սահմանի վրա չգանձել, բյուջեի համար 100 մլրդ դրամի խնդիր կառաջանա, մեկ-երկու ամիս տնտեսական դժվարություններ կլինեն, հետո տնտեսությունը ցիկլի մեջ կընկնի, ու ամեն ինչ իր տեղը կգա: Այդ ցիկլը հիմա բիզնեսի վրա է դրված, հայտարարում են, որ պետությունն այդ բեռը կվերցնի իր վրա: Նախկինում հրաժարվում էին անել՝ դա բացատրելով հաշվառման բարդությամբ: Հիմա էլեկտրոնային հաշվառում է իրականացվում, և այդ առումով խնդիր չկա, բայց միևնույն է՝ չեն անում: Ինչո՞ւ, բացատրություն չկա:
Նույն կերպ չի հասկացվում՝ հարկային քաղաքականության մեջ անցում կատարվելո՞ւ է եկամուտների հայտարարագրման, թե՞ ոչ: Անցման դեպքում հարկային ամբողջ քաղաքականությունը փոխվում է:
Վերոշարադրյալ սկզբունքային հարցերի պատասխանը կառավարությունը չի տալիս, չնայած այն բանին, որ նախկինում պատրաստակամության մասին հայտարարություններ եղել են: Պատասխաններ չունենալով, չտալով հանդերձ՝ գալիս են փոփոխությունների. ասում են՝ քանի որ եկամտահարկի դրույքաչափերը իջեցվում են, և տաքսիստներին չենք հարկում, մինչև 24 մլն-ը չենք հարկում, բյուջեում խնդիրներ ենք ունենում, հետևաբար բարձրացնում ենք մյուս հարկատեսակները: Դա ոչ միայն լուրջ հիմնավորում չէ, այլև ընդհանրապես հիմնավորում չէ: Մարդկանց հրապարակավ բացատրում են, որ շաքար, ծխախոտ օգտագործելը վնաս է: Մինչդեռ իրենց իսկ թիմի ղեկավար պրն Փաշինյանը օրերս ասաց, որ վարքագծի փոփոխության խնդիր կա: Այդ դեպքում, հարգելի կառավարություն, թույլ տուր, որ ես որոշեմ՝ շաքար պարունակող գազավորված ըմպելիք օգտագործե՞մ, թե՞ ոչ, ծխե՞մ, թե՞ ոչ: Դրա համար ներկայացրեք, թե այս կամ այն մթերքի մեջ ինչ է պարունակվում, վրան հստակ, երևացող մակնշեք, իսկ մնացածը թողեք ինձ՝ քաղաքացուս որոշելուն:
Տնտեսական հեղափոխության հիմնական գաղափարը վարքագծի փոփոխությունն է՝ և՛ քաղաքացու, և՛ սպառողի, և՛ պետության, կառավարության կողմից: Չպարտադրելու մասին իմ ասածն էլ տնտեսական հեղափոխության տրամաբանության ծիրում է:
Այս ամենում ես ո՛չ պետությանն եմ տեսնում որպես փրկիչ, ո՛չ գործարարներին: Այս ամենում բոլորս որոշակի կանոններով ընթացող խաղի մասնակիցներ ենք: Նախկինում խաղի կանոնները գրված էին, բայց ամեն քայլափոխի խախտվում էին: Չկային մրցակցություն, հավասար իրավունքներ, ժողովրդավարության նորմեր:
Քաղաքական ու տնտեսական մենաշնորհներ էին, և այդպես շարունակ: Հիմա թվարկյալները չկան, կան նոր խաղի կանոններ, բայց այդ կանոնների մեջ ինձ պարտադրում են, որ ծխախոտը վատն է՝ մի ծխիր, գազավորված խմիչքի մեջ շաքարը շատ է՝ լավը չի: Ստացվում է, որ խաղի կանոնները նորից խախտվում են: Խնդիրը սա է:
Նախկինում հրապարակված տնտեսական հեղափոխության, մտքի ու վարքագծի հեղափոխության թեզերը չկան: Վերջին օրերին կառավարության ներկայացուցիչների մեկնաբանությունների մեջ ես դրանց բացակայությունն եմ տեսնում: Իրենք սկսել են իմ փոխարեն մտածել, թե ես ոնց պետք է ապրեմ, որ լավ լինի: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ ԽՍՀՄ-ից անցնելու ենք հասնենք Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը: Մեր փոխարեն մեզ համար ամեն ինչ կպլանավորեն:
Այս իրավիճակը հետևանք է այն բանի, որ հեղափոխության ընդհանուր հայեցակարգը կա, ձևակերպված է, բայց կոնցեպտի իրականացման մեխանիզմը չկա, չունեն: Ահավասիկ մեկնաբանությունը, որ տրվեց գրավատների հետ կապված. հարկման չափը մեծացվում է ոչ ավելի, ոչ պակաս՝ 60 անգամ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչև հիմա դա չէր արվում, ու հիմա հիշեցին գրավատների մասին: Ինչի՞ է այդ բեռը այսօր բարձվում Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա: Իսկ գուցե դրա կարիքը բոլորովին էլ չկա: Տնտեսագիտական տրամաբանության մեջ ցանկացած հարց լուծվում է տնտեսական լծակների, տնտեսական քաղաքականության կիրառմամբ: Կիրառվում է նաև հարցի լուծման վարչական տարբերակ: Մեր պարագայում ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը:
Կառավարությունը չի ասում, որ պետք է փակվեք, բայց տնտեսական մեխանիզմների կիրառմամբ պարտադրում են, որ փակվեն: Եթե հարկը 50 հազար դրամից միանգամից դառնում է 3 մլն, հետևում է, որ սրանց ավելի քան 80%-ը դադարեցնելու է գործունեությունը: Դա՞ է կառավարության նպատակը: Բայց դա բյուջեի հավաքագրման հարց չի լուծում: Առավել ևս՝ աշխատատեղերի:
Գրավատները էքսպրես ծառայություն են մատուցում արտակարգ իրավիճակների դեպքում: Ինչո՞ւ են քաղաքացուն զրկում այդ հնարավորությունից: Գրավատների փակումով ծաղկելու է վաշխառուների ինստիտուտը, ինչը քրեորեն պատժելի է: Սրանք գործում են օրենքի դաշտում, ԿԲ-ի հսկողության ներքո: Թող վերջինս իր լծակներով կարգավորի այս դաշտը՝ հատկապես, որ փետրվարին ԿԲ-ի կողմից այս ուղղությամբ հայտարարություն եղավ: Հասկանալի է, որ այդտեղ ամեն ինչ իդեալական չէ: Բայց բանկերի ֆինանսատնտեսական գործունեությունը համեմատել սրանց հետ, ինչն արվում էր կառավարության նիստի ժամանակ, անընդունելի է: Այս ամենում փոփոխությունները ներկայացնողների կողմից լիարժեք հիմնավորումներ չբերվեցին:
60 անգամ բարձրացնելը, եթե իրոք նման ծրագիր կա, միանշանակ բյուջե լցնելու նպատակ չի հետապնդում: Դրա հետևանքով այս բնագավառում տեղի կունենա խոշորացում ու մենաշնորհի ձևավորում: Կան այլ հանգամանքներ ևս, որոնց մասին առայժմ չեն խոսում: Բայց այն, ինչ որ խոսվում էր կառավարության վերջին նիստի ժամանակ, մասնագիտական առումով չէր կարող հիմք հանդիսանալ հարկերը 60 անգամ բարձրացնելու համար: Այդ առումով Փաշինյանի հարցադրումներն էլ մնացին օդում կախված, ինչն անհանգստանալու տեղիք է տալիս:







































