Tuesday, 28 05 2024
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը

«Արձակել են 15-37 կրակոց…». Երրորդմասցի Լյովիկի ու ընկերների սպանության գործով վիճարկվում է դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացած Լևոն Ղազարյանի՝ «Երրորդմասցի Լյովիկի», ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազները և տուժողների իրավահաջորդները այս գործով պահանջել էին երեք ամբաստանյալներին էլ դատապարտել ցմահ ազատազրկման:

Ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպանները՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, պահանջել էին արդարացման դատական ակտ: «Մենք արդարացում ենք պահանջում, այլ դատական ակտ այս գործով ապօրինի է լինելու…»,- առաջին ատյանի դատարանում, դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ: Երեք ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ երեք անձի դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ապօրինի զենք պահելու համար նրանք դատապարտվել են 1-ական տարի ազատազրկման, երեք անձի դիտավորյալ սպանության համար՝ 17-ական տարի ազատազրկման:

Վերջին հաշվով՝ երեք ամբաստանյալներն էլ՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, Սարգիս Հախանումյանը՝ «Տլե» մականունով, Սարգիս Գրիգորյանը՝ «Ծըգըլ» մականունով, դատապարտվել են 18 տարի ազատազրկման:

Երեք ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 2 միլիոն 108 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության բոլոր կողմերը:

Ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպանները պահանջել են բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:

Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները և տուժողների իրավահաջորդները պահանջել են պատժի մասով՝ խստացման առումով, փոփոխել դատավճիռը, երեք մարդու սպանության համար մեղավոր ճանաչված երեք ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Գործը վերաքննիչ դատարանում քննվում է Կ. Մարդանյանի նախագահությամբ: Կազմի դատավորներն են Ա. Մնացականյանն ու Ռ. Մխիթարյանը:

Կողմերը սկսեցին վերաքննիչ բողոքների հիմնավորումների ներկայացումը:

Առաջինը ելույթ ունեցավ ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա պնդեց բերած վերաքննիչ բողոքը: Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը 128 էջ ունի, ծավալից ելնելով՝ կարող էր տպավորություն առաջանալ, թե պատճառաբանված դատական ակտ է կայացվել, սակայն, ըստ Լ. Սահակյանի, պաշտպանական կողմը ապարդյուն է փնտրել մեղադրական դատական ակտի պատճառաբանությունները՝ դրանում միայն ապացույցներ են շարադրված՝ ո՛չ այնպես, ինչպես հետազոտվել են դատարանում, այլ այնպես, ինչպես շարադրված են մեղադրական եզրակացության մեջ:

Լուսինե Սահակյանը, անդրադառնալով մեղադրողների ճառին, ասաց, թե ապացույցներին հղումներ չարվեցին. «Միգուցե դա ավելի ազնիվ էր»: Ըստ Լ. Սահակյանի՝ սպանության նման ծանր գործով շատ լուրջ ապացույցներ պիտի դրվեին մեղադրական դատական ակտի հիմքում: Եթե նախաքննական մարմինը ինչ-ինչ ապացույցներ էր ներկայացրել, որոնք ենթադրաբար պիտի ապացուցեին ամբաստանյալների մեղավորությունը, ապա երեք ամբաստանյալներից մեկի՝ Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ, ըստ պաշտպանի, գործով ոչ մի ապացույց չկա, եղածներն էլ անթույլատրելի, ոչ վերաբերելի ապացույցներ են, որոնք անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանում միջնորդություններ արվել են, սակայն դատարանը դրանք դատաքննության փուլում պատշաճ չի քննարկել ու լուծում չի տվել:

Լուսինե Սահակյանը անդրադարձավ նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված օպերատիվ մի տեղեկության, համաձայն որի՝ դեպքից առաջ Լևոն Ղազարյանի կողմից առևանգվել էր «Գաստիկը»՝ Վահան Հակոբյանը, ենթարկվել էր դաժան ծեծի, նրան դանակով ծանր վնասվածքներ էին պատճառվել: Լ. Սահակյանը հարց հնչեցրեց. «Եթե ոստիկանությունը ձեռք էր բերել նման տվյալներ, ո՞ւր է քրեական գործը՝ Լևոն Ղազարյանի «հանցավոր կապերի» վերաբերյալ… Իսկ եթե դա արվել է Լևոն Ղազարյանի ու նրա ուղեկիցների սպանության մոտիվն ունենալու համար, ապա, ըստ Լ. Սահակյանի, մամուլը «լի է եղել» Լևոն Ղազարյանի կողմից կատարված այլ հանցագործությունների մասին տեղեկություններով…

Պաշտպանի ելույթը զայրացրեց տուժողի իրավահաջորդին՝ Լևոն Ղազարյանի հորը՝ Մ. Ղազարյանին, նա առանց դատարանի թույլտվության դիմեց պաշտպանին. «Դուք մարդկային էա՞կ եք, թե՞ ոչ… հողի մեջ գտնվող մարդու մասին է խոսում… Սահման չկա, սահման պիտի լինի…»:

Դատարանը տուժողի իրավահաջորդի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նկատողություն՝ նիստի բնականոն ընթացքը խանգարելու համար:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը անդրադարձավ ամբաստանյալներից՝ Սարգիս Հախանումյանի տանը հայտնաբերված թղթին, որի վրա առկա էին գրառումներ՝ Լևոն Ղազարյանի ու նրա ուղեկիցների տեղաշարժի, նրանց մեքենաների համարանիշերի վերաբերյալ: Ըստ պաշտպանի՝ այդ թուղթը չի ապացուցում Լևոն Ղազարյանի նկատմամբ նախապատրաստվող սպանությունը. «Միգուցե գրել էին՝ զգուշանալո՞ւ նկատառումներով…»:

Ըստ գործի տվյալների՝ ամբաստանյալները, սպանությունը նախապատրաստելով, դեռ սպանությունից հինգ ամիս առաջ հեռացել են շրջապատից, առանձնացել են, տուն են վարձակալել, որտեղ շարունակել են սպանության նախապատրաստման աշխատանքները: Պաշտպանը նույն տրամաբանությամբ հարց հնչեցրեց՝ միգուցե սեփական անվտանգության նկատառումներո՞վ էին տղաները վարձով բնակվել:

Ըստ պաշտպանի՝ քրեական գործը «ամբողջությամբ ողողված է ենթադրություններով»:

Պաշտպանն անդրադարձավ այն հանգամանքին, որ դեպքի վայրից առգրավված ինքնաձիգներից երկուսի վրա հայտնաբերվել են ամբաստանյալներից երկուսի գենետիկական նմուշները, իսկ մի ինքնաձիգի վրա ոչինչ չի հայտնաբերվել: Պաշտպանը անհավանական համարեց՝ և՛ այն, որ ինքնաձիգների վրա կարող էր հայտնաբերվել միայն մեկ մարդու՝ տվյալ դեպքում գործով կոնկրետ ամբաստանյալի գենետիկական նմուշը՝ առանց խառնուրդի, և՛ այն, որ ինքնաձիգի վրա կարող էր ոչինչ չհայտնաբերվել: Պաշտպանը նշեց՝ գենետիկական նմուշը մատնահետք չէ, եթե ինքնաձիգի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, դա կարող է հասկանալի լինել, բայց գենետիկական նմուշներ չէին կարող չհայտնաբերվել՝ ի՞նչ է, այդ ինքնաձիգին ոչ ոք չի՞ դիպել կամ մյուս երկու ինքնաձիգներին դիպել են միայն կոնկրետ Հակոբյանն ու Հախանումյա՞նը: Պաշտպանն անդրադարձավ Հայաստանում վստահության արժանի գենետիկական փորձաքննություն անցկացնելու անհնարինության հարցին՝ շեշտելով, թե լիարժեք գենետիկական փորձաքննություն անցկացնելու համար Հայաստանում ո՛չ պայմաններ կան, ո՛ սարքեր:

Պաշտպանը հիշատակեց դեպքի վայրի զննության, դեպքի վայրից առարկաներ հայտնաբերելու և առգրավելու գործողությունները: Նշեց, որ այդ գործողություններին ընթերակաների պատշաճ մասնակցություն չի եղել, առարկաները պատշաճ չեն փաթեթավորվել, առգրավման պահին ձեռք են տվել ինքնաձիգներին:

Պաշտպանն անդրադարձավ վկաների կողմից դատարանում ամբաստանյալներին չճանաչելու հանգամանքին, որոշ վկաների՝ դատարան չներկայանալու, նրանց հակընդդեմ հարցման ենթարկելու անհնարինության, ենթադրյալ հանցագործների մեքենայի խուզարկության, այդ մեքենան ոչ պատշաճ պահպանելու հարցերին:

Լ. Սահակյանն ասաց. «Մեղադրողի ճառից կարելի էր եզրակացնել, որ դատաքննության փուլն ավելորդ էր… Հանցագործություն է նման ապացույցներով մարդկանց մեղավոր ճանաչել այդքան ծանր հանցագործության համար ու դատապարտել այդքան խիստ պատժի»:

Պաշտպանն անդրադարձավ առաջին ատյանի դատարանում իրեղեն ապացույցների զննությանը: Ընդգծեց՝ առարկաներն առգրավվել ու փաթեթավորվել են ոչ պատշաճ՝ փաթեթավորվել են մեքենայի մեջ եղած սովորական թղթով և այնպես են փաթեթավորել, որ դատարանում դրանք զննելու ժամանակ հնարավոր էր բացել՝ առանց կնքիները խախտելու: Ըստ պաշտպանի՝ դատարանը պարտավոր էր մատնանշված բոլոր ապացույցները անթույլատրելի ապացույց ճանաչել:

Անդրադառնալով գործով ապացույց ճանաչված տեսագրություններին, պաշտպանը դրանց վերաբերելիությունն էլ վիճարկեց՝ նշելով, որ դրանցում ամբաստանյալները ճանաչելի չեն. «Շողք ա անցնում, ասում են՝ երեք հոգի անցավ… Կին է անցնում, բայց մեղադրողը տղամարդ է տեսնում…»:

Պաշտպանը նշեց նաև, որ իր պաշտպանյալների նկատմամբ «անհամաչափ խիստ պատիժ է նշանակվել»:

Լուսինե Սահակյանը պահանջեց բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ճանաչել իր երեք պաշտպանյալների անմեղությունը և արդարացնել նրանց:

Ամբաստանյալները միացան պաշտպանի բողոքին, ոչինչ չավելացրին:

Տուժողի իրավահաջորդ Մ. Ղազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրեց իր բերած վերաքննիչ բողոքը: Պնդեց, որ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալների նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ, տուժողների իրավունքները չեն պահպանվել ու չեն հարգվել: Դատարանը պատշաճ չի գնահատել արարքի ու այն կատարողների հանրային վտանգավորության բարձր աստիճանը, անհասկանալի կերպով նվազ ծանր պատիժ կիրառելով՝ թույլ է տվել սխալ, քանի որ անհնար է նշանակված պատիժներով հասնել պատժի նպատակներին:

Ե. Սարգսյանը վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալների մեղավորությունը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար՝ այդ հոդվածի երկրորդ մասի երեք կետերով՝ նախնական համաձայնությամբ, խմբի կողմից հասարակական վայրում օրը ցերեկով կատարված սպանության համար: Ամբաստանյալների գործողությունների արդյունքում երեք երիտասարդներ զրկվել են կյանքից, կալանավայրի ավտոկայանատեղիում կանգնած մի քանի պատահական մեքենաներ վնասվել են: Երջանիկ պատահականությամբ այլ մարդիկ չեն վնասվել՝ օրը ցերեկով հասարակական վայրում արձակվել են կրակահերթեր, ամբաստանյալներն իրենց ինքնաձիգներից արձակել են 15-37 կրակոց… Ամիսներ շարունակ նրանք ծրագրել են սպանությունը, դա վկայում է տվյալ անձանց հասարակական բարձր վտանգավորության մասին: Դատարանը չի կիրառել պատժի անհատականացման սկզբունքը, լիարժեք չի գնահատել ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող բոլոր հանգամանքները: Դատարանը հաշվի չի առել նաև, որ ինչպես մեղադրողները, այնպես էլ երեք տուժողների իրավահաջորդները ցմահ ազատազրկում են պահանջել: Կատարված հանցագործությամբ անասելի տառապանք է պատճառվել տուժողների ընտանիքներին, նրանք զրկվել են երջանիկ լինելու զգացողությունից ու նույնիսկ՝ հույսից…

Երեխաներ են որբացել, երեք երիտասարդներ զրկվել են կյանքից…

Երեմ Սարգսյանը հիշատակեց օրինակներ դատական պրակտիկայից, երբ ծանրացուցիչ մեկ կետի առկայությամբ դիտավորյալ սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկում է սահմանվել, իսկ տվյալ գործով մեղսագրված է երեք ծանրացուցիչ կետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերը:

Երեմ Սարգսյանը պահանջեց՝ արդարադատության շահից ելնելով՝ բեկանել ու փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, երեք ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդ, սպանված Լևոն Ղազարյանի հայր Մ. Ղազարյանը զգացմունքային ու ընդհանրական ելույթ ունեցավ. «Ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ է հայը հային սպանում… Մեր օրենքները լավն են, իրագործումը չկա… Երիտասարդները աշխատանք չեն ունեցել, հարցրեք՝ աշխատանքային գրքույկ ունեցե՞լ են, մեր ազգին մի ժառանգ տվե՞լ են, սա մարդկայի՞ն վերաբերմունք է… Ես իմ կյանքը ավարտել եմ, բայց նրա՞նք…»:

Տուժողի իրավահաջորդը պաշտպան Լուսինե Սահակյանին անվանում էր «Լուսինե Զաքարյան», փորձում էր միանգամից առարկություններ ու վրդովմունք ներկայացնել պաշտպանի բողոքի դեմ, բայց դատարանը պարզաբանեց, որ առարկությունները ներկայացվելու են համապատասխան փուլում:

Դատական հաջորդ նիստին՝ մայիսի 6-ին, վերաքննիչ բողոքները կներկայացնեն մեղադրողը ու մյուս երկու տուժողների իրավահաջորդները: Հիշեցնենք, որ նրանք բոլորը ցմահ ազատազրկում են պահանջել երեք ամբաստանյալների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում