Այսօր մեկնարկեց Ամերիկայի Գավաթի խաղարկությունը: Առաջին խաղում գլխավոր ֆավորիտ համարվող Արգենտինայի հավաքականը չկարողացավ հաղթել Բոլիվիայի համեստ ընտրանուն:
Առաջին խաղակեսն անցավ տանտերերի տարածքային առավելությամբ, սակայն Բատիստայի սաները երկար ժամանակ չէին կարողանում վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ, իսկ բոլիվիացիները շեշտը դրել էին լավ պաշտպանության և արագ հակագրոհների վրա: Առաջին խաղակեսում լուրջ սպառնալիք թիմերից և ոչ մեկի դարպասի մոտ այդպես էլ չգրանցվեց:
Ընդմիջումից անմիջապես հետո բոլիվիացիները անկյունայինի խաղարկման արդյունքում բացեցին հանդիպման հաշիվը, աչքի ընկավ Էդիվալդոն: Ընդունած գոլից հետո արգենտինացիներն ավելի մեծ ուժերով սկսեցին գրոհել, սակայն մրցակիցը հստակ էր պաշտպանվում:
Տանտերերին պարտությունից փրկեց Սերխիո Ագուերոն: Աշխատեց Բատիստայի փոփոխությունը. 46-րդ րոպեին խաղադաշտ մտած Դի Մարիան իր եզրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, Բուրդիսսոն գնդակն ուղարկեց դեպի Ագուերոն, ով առանց այն կասեցնելու գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Այս ամենը տեղի ունեցավ 76-րդ րոպեին: Նշենք, որ Ագուերոն 5 րոպե առաջ էր խաղադաշտ մտել:
Թվում էր` արգենտինացիները էլ ավելի կուժեղացնեն ճնշումն ու կհասնեն ցանկալի արդյունքի, սակայն այդպես էլ նոր գոլեր չգրանցվեցին: Արգենտինա-Բոլիվիա` 1:1:






































