Այսօր հանրության ուշադրության կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ մամուլի ասուլիսն էր, որի ընթացքում լրագրողների կողմից հարցեր հնչեցին բազմազան թեմաներով: Հանդիպման այս ձևաչափը հավանաբար տալիս է այդ հնարավորությունը, մանավանդ որ վարչապետը հենց ասուլիսի սկզբից խրախուսեց լրագրողների ազատությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը:
«Հասարակության և լրատվամիջոցների հետ շփման այդ բաց ձևաչափը ողջունելի է, սա վկայում է բաց քաղաքական կառավարման մասին,- նշեց Ս. Անտինյանը: – Պետք է փաստենք, որ նախկին իշխանության ժամանակ տեսնում էինք լրատվամիջոցների հանդեպ ընտրողական վերաբերմունք, տեղեկություններ կան, որ այդ հանդիպումները նախապես պայմանավորված հարցերի շրջանակներում են տեղի ունեցել, իսկ այս հանդիպումն առավելապես բաց էր, լրագրողները ազատորեն հարցեր էին տալիս, և վարչապետը պատասխանում էր: Այլ հարց է, որ ասուլիսի ընթացքում հնչած հարցերը իրենց բովանդակությամբ մեր իրական քաղաքական օրակարգերի հետ շատ քիչ աղերս ունեին: Մենք տեսանք, որ մեդիայի կողմից ձևավորած օրակարգերը շատ սնանկ էին, հնչում էին անկարևոր, կենցաղային բնույթի հարցեր, մինչդեռ նոր իրավիճակում թե՛ արտաքին քաղաքական նոր մոտեցումների, թե՛ ընթացող ներքին քաղաքական մեծ գործընթացների վերաբերյալ հարցեր չհնչեցին»:
Ս. Պետրոսյանի դիտարկմամբ՝ ցանկացած ոչ լեգիտիմ իշխանության համար այսպիսի բաց հանդիպումները որոշակի վտանգ են ներկայացնում. «Նախկինում գործընթացները կառավարելի և հարցերը կանխատեսելի դարձնելու համար նախապես պլանավորվում էր: Այս ասուլիսը քայլ է, որը կարող է խրախուսել առաջընթացը դեպի բաց կառավարում, բայց բաց կառավարման համար անհրաժեշտ է ունենալ չորրորդ ռազմավարական իշխանություն, որը ոչ միայն կարտացոլի հանրային պահանջները, այլ նաև կճեղքի հանրային պահանջները՝ ստեղծելով նոր օրակարգ, ստեղծելով առաջարկի և պահանջարկի նոր հայեցակարգ: Մենք զանգվածային լրատվամիջոցների ռազմավարական էլիտայի ձևավորման խնդիր ունենք»:
«Վարչապետի ասուլիսը տևեց մոտ չորսուկես ժամ, ցանկալի է, որ վարչապետը տարեվերջին տա նման ժամանակատար, ամփոփիչ ասուլիս, եթե տարվա ընթացքում ֆորսմաժորային իրավիճկաներ չեն ստեղծվել»,- նշեց Ա. Բադալյանը: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ այս ասուլիսին հնչեցին ընդամնեը մի քանի կարևոր հարցեր. «Լրագրողների 95 տոկոսի հարցերից կարելի էր ենթադրել, որ հարց տվողները եկել են ժամանցի վայր: Կարելի է ասել, որ լրագրողների 95 տոկոսը չի տիրապետում հանրապետության կարևորագույն խնդիրներին, դա գալիս է նրանց պրոֆեսիոնալ ցածր մակարդակից»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































