Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքային խումբ է ձևավորվել։ Հայտարարության մեջ հղում է արվել փողերի լվացման դեմ պայքարի Հայաստանի Հանրապետության հանձնառությանը և միջազգային այն կոնվենցիաներին, որոնց միացել է Հայաստանը։
«Հայաստանը դեռևս 2007 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան, իսկ 2008 թվականին՝ Վարշավայի Հանցավոր ճանապարհով ստացված միջոցների բռնագանձման վերաբերյալ կոնվենցիան։ Այդ կոնվենցիաների շրջանակներում շարունակական աշխատանքներ են տարվել կոնվենցիայով սահմանված դրույթների՝ ՀՀ օրենսդրության մեջ իմպլեմենտացման նպատակով։ Դեռևս 2011 թվականից այս երկու ինստիտուտների դրույթները, և ընդհանրապես ինստիտուտները, քննարկման ենթակա են եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը։
«Մենք արդեն ներկայացրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որը նախագահում է Կենտրոնական բանկի նախագահը։ Այդ հանձնաժողովում ներկայացված են բոլոր ուժային կառույցների ղեկավարների տեղակալները և ոլորտի հետ առնչություն ունեցող մյուս գերատեսչությունների ղեկավարները, և այդ հարցերը քննարկվել են հանձնաժողովի շրջանակներում»,- հավելեց Դանիել Ազատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































