Հեղափոխությունից և հատկապես խորհրդարանական ընտրությունից հետո նոր իշխանությունների գրեթե բոլոր բարեփոխումները հանդիպում են դիմադրության։ Ամեն պատեհ ու անպատեհ առիթով ինչ-որ խումբ մարդիկ փողոց են դուրս գալիս ու ինչ-որ պահանջներ ներկայացնում՝ անկախ նրանից, թե որքանով է հիմնավոր նրանց ներկայացրած պահանջը։ Իշխանությունն էլ կարծես թե ընկրկում է այդ ճնշմանը՝ վերանայելով իր բարեփոխումների օրակարգը։ Այդպես եղավ աջ ղեկով մեքենաների դեպքում, տարբեր համայնքներում համայնքի ղեկավարների փոփոխությունների դեպքում, հիմա էլ, կարծես, դա կրկնվելու է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեպքում։

«Մարդիկ սովորել են նոր իշխանությունների օրոք բարեփոխումներին միտված գործողությունների ֆոնին բողոքի ալիք բարձրացնել, ճանապարհ փակել, ու իշխանությունները շար արագ հետ են քաշվում։ Տպավորություն է, որ մարդիկ պարզապես անլուրջ են վերաբերում իշխանությունների մտադրություններին և գործողություններին։ Անցած ամիսների պրակտիկան հաստատում է իմ ասածը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ քանի որ հանրությունը փողոցներ փակելու և այլ նմանատիպ մեխանիզմներով արդյունքի է հասել, ուստի հավատում է, թե այս գործիքակազմը աշխատում է։ «Նախորդ իշխանությունների օրոք մարդկանց մեջ ապատիա կար, նրանք մտածում էին՝ անիմաստ է, միևնույն է, ոչինչ չի փոխվելու: Հիմա այս մեխանիզմն աշխատում է: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն էլ մնացել են իրենց խոստումների, իրենց գործիքակազմի, այսպես ասած, տակ և բավականին զգայուն են հանրային կարծիքի նկատմամբ: Նրանք կարծում են, որ եթե ինչ-որ ուժային ակցիա է կատարվում, ուրեմն դա հեղափոխության գաղափարներին դեմ է. սա հոգեբանական պատնեշ է և ինչ-որ տեղ՝ կոմպլեքս։ Բայց եթե իշխանությունը համոզված է, որ իր որոշումները 100 տոկոս հիմնավորված են, ապա իշխանությունը պետք է կարողանա պաշտպանել իր որոշումները, անգամ եթե դրանք պոպուլյար որոշումներ չեն»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ առայժմ իշխանությունը զգայուն է օրվա թրենդի նկատմամբ, և երբ կոնկրետ խնդրի հետ կապված 100 հոգի ֆեյսբուքում դեմ կարծիք են հայտնում, իշխանությունը գնում է իր որոշումների վերանայման։ «Դրա համար էլ հիմա ամեն առիթով մարդիկ սկսել են փողոց դուրս գալ, քանի որ թուլություն են տեսնում իշխանության վարքագծում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

«GALLUP International association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանն էլ կարծում է, որ ստեղծված իրավիճակի առաջին մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է, քանի որ հենց նա է բացել Պանդորայի արկղը և սովորեցրել է մարդկանց, որ կարելի է ճանապարհ փակել և պահանջել խնդիրների լուծում։ «Դա միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի նորամուծությունն էր, որը հիմա իրենց դեմ է աշխատելու։ Ներկա վիճակը, երբ մարդիկ գալիս են կառավարության դեմ և ակցիա են անում, պահանջներ են ներկայացնում, այս վիճակն ինձ շատ հիշեցնում է Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանը, երբ պաշտոնյաները տեղում չէին, ոչ մի բան չէին անում, իսկ մարդկանց այլ բան չէր մնում, քան կառավարության առաջ գալը։ Հիմա էլ է նույնը։ Մարդիկ գալիս են կառավարություն և ասում են՝ Նիկոլ, մեր հարցի լուծումը տուր, քանի որ մենք էլ ենք քայլել ու հեղափոխություն արել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը։
Վտանգավո՞ր է այս իրավիճակը, երբ բոլորը իրենց խնդիրների լուծումը փորձում են գտնել ճանապարհ փակելու միջոցով, Նավասարդյանը վտանգավոր է համարում և կարծում է, որ ստեղծված իրավիճակին պետք է տալ կոնցեպտուալ լուծում, քանի որ գնալով՝ ցանկացած քաղաքացի իր հարցի լուծումը պահանջելու համար ճանապարհ կփակի ու չի բացառվում, որ քաոտիկ ու անկառավարելի վիճակ ստեղծվի երկրում։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի





































