Ռուսաստանում հայկական ծագմամբ կամ այդպիսի նշաններ ունեցող քաղաքացիների համար նախազգուշացում է հրապարակվել։ ՌԴ ԱԳ նախարարության «Նախազգուշացումներ ռուսաստանցիների համար բաժնում» ասվում է, որ հայկական արմատներով քաղաքացիների մուտքն Ադրբեջան դեռ արգելվում է՝ չնայած Մոսկվայի բազմաթիվ կոչերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է նաև, որ ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել երկրի տարածք թողնել «հայկական ծագման ուղիղ կամ անուղղակի նշաններ» ունեցող անձանց՝ անկախ քաղաքացիությունից։
Ռուսաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ պատճառը տվյալ անձանց անվտանգության երաշխիքների բացակայությունն է։
«Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ խորհուրդ ենք տալիս ռուսաստանցիներին Ադրբեջան մեկնելու դեպքում հանգամանորեն մտածել հնարավոր վտանգների մասին»,- ասվում է փաստաթղթում։








































