Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեական միջավայր ստեղծելու, ղեկավարելու, դրանում մարդկանց ներգրավելու և քրեական ենթամշակույթին հարելու ու այն տարածելու համար սահմանել համապատասխան պատժաչափեր: Նախագիծը միտված է հասարակության շրջանում քրեական միջավայրի ու քրեական ենթամշակույթի հաղթահարմանը, քանի որ դրանք լուրջ մարտահրավեր են այսօր մեր հասարակության համար:
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը այս խնդրի արդիականության առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած, դա անսպասելի, բայց հաճելի նորություն էր: Մեր հասարակության զարգացման ամենալուրջ մարտահրավերներից է երիտասարդության ենթամշակույթի քրեականացումը: Դա շատ տարածված և շատ ցավալի երևույթ է մեր երիտասարդների շրջանում, ինչը շատ դեպքերում հանգեցնում է բանակցային մշակույթի շատ ցածր մակարդակին, և շատ հաճախ երիտասարդներին փոխանցվում են այդ կարծրատիպերն ու բարդույթները, որոնք նրանց տրվում են փողոցից, թաղային միջավայրերում»:
Մեր զրուցակցի խոսքով՝ թաղային միջավայրերում առավել ազդեցիկ են համարվում հենց քրեական ենթամշակույթին մերձ երիտասարդները, ովքեր ազդեցության շատ բիրտ մեթոդներ ունեն ավելի կիրթ և ավելի խաղաղասեր բանակցային մշակույթ կրող երիտասարդ զանգվածի վրա՝ «պատիվ» կրող պիտակներով բարդույթավորելով այդ կոնստրուկտիվ, պոզիտիվ երիտասարդության զանգվածին. «Քրեական ենթամշակույթին մերձ երիտասարդները հաճախ տեսնում են կոպիտ հաշվեհարդար՝ ընդհուպ մինչև դանակահարություն: Եվ այդպիսի կերպարները ոչ միայն չեն դատապարտվում, այլ վախից դրդված՝ այդ երիտասարդական միջավայրերում նույնիսկ հերոսականացվում են»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: