Google ընկերությունում հայտարարել են, որ արգելափակում են նոր ընկերներ հրավիրելու հնարավորությունը երեքշաբթի օրը փորձարկման դրված Google+ սոցիալական նոր ցանցում: Սա, ըստ Google-ի ավագ փոխնախագահ Վիկ Գանդոտրայի, պայմանավորված է սոցցանցի շուրջ սկսված մեծ իրարանցմամբ:
Google-ի նախկին փորձերը՝ ստեղծել նոր սոցիալական ցանց, որը կարող էր մրցակցել Facebook-ի հետ, ձախողվել են, այդ պատճառով Google+ սոցցանցի գործարկման մասին լուրը մեծ հետաքրքրություն է առաջացրել: «Մենք անջատել ենք հրավերքի գործիքը մեկ օրով: Հայտերի քանակը հսկայական է»,- գրել է Գանդոտրան «Google+»-ում:
Չնայած այս ամենին, ավելի հմուտ օգտատերերը գտել են հրավերքներ ուղարկելու այլ ձևեր: Նշվում է, որ նոր սոցցանցում այսօր ստեղծված արգելքը շրջանցելու նման հնարավորություններ կան։











































