Թուրքմենստանի №1 ռազմական մասնագիտացված դպրոցը կոչել են Բերդիմուհամեդ Անաևի անունով, ով երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պապն է:
Դպրոցի սրահում ներկա են եղել Թուրքմենստանի մեջլիսի նախագահ Ակջի Նուրբերդիևը և երկրի ռազմական ու իրավապահ մարմիների ղեկավարները: Բացվել է նաև Անաևի հուշարձանը:
Türkmen döwlet habarlar-ի հաղորդմամբ՝ պատվավոր հյուրերի ներկայությամբ կուրսանտները ցուցադրական վարժություններ են կատարել:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կառավարման տարիներին նրա պապի՝ Անաևի մասին գրքեր են հրատարակվել:
Ինչպես հաղորդում է Eurasianet.org կայքը՝ Թուրքմենստանում աստիճանաբար զարգանում է Բերդիմուհամեդովի հոր և պապի պաշտամունքը:
Անաևը սովորական գյուղական ուսուցիչ է եղել, ով Հայրենական մեծ պատերազմից երկրորդ կարգի հաշմանդամ է վերադարձել: Նրա պատվին նախկինում արդեն դպրոց է անվանակոչվել:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պատվին նույնպես հուշարձաններ են կանգնեցվում, դպրոցներ և պետական այլ հաստատություններ են անվանակոչվում:










































