2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից անցել է 11 տարի, երբ Երևանի կենտրոնում սպանվեցին ՀՀ 10 քաղաքացիներ: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է նախկին քաղհալածյալ Վոլոդյա Հովհաննիսյանին և նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանին:
Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց՝ այսօրվա մեր անելիքը Մարտի 1-ի գործը ամբողջովին բացահայտելն է և բոլոր մեղավորներին ի հայտ բերելը. «Ամենակարևորն այն է՝ այդ մարդիկ զգան, որ իրենք հանցանք են գործել մեր ժողովրդի, մեր պետականության հանդեպ. ինձ այնքան չի հուզում, թե կոնկրետ ինչ պատժաչափով կպատժվեն իրենք»:
Նրա խոսքով՝ հանցագործությանը մասնակցել է մի ամբողջ պետական ապարատ, և նրանք պետք է առերեսվեն իրականության հետ. «Էդ մարդիկ պետք է հասկանան, թե իրենք ինչ են արել: Ես, ճիշտն ասած, իրենց համար ավելի շատ եմ ցավում, քան մեզ համար. մենք գիտենք՝ ինչ ենք արել և ինչի համար ենք արել»:
«Այսօրվա մարտի 1-ը իսկապես նոր՝ ուշացած գարուն է մեր երկրի համար, և այսօր մեր ժողովուրդն ազատ է շնչում ու պատրաստ է մեր երկրի համար աշխատել»,- հավելեց նա:
Հովհաննես Հարությունյանը համամիտ է իր ընկերոջ հետ՝ որ պատժաչափը չէ կարևոր, այլ հասկանալը, որ այլևս չկրկնվի այդ հանցանքը. «Բայց Ռոբերտ Քոչարյանը խոսք անգամ չի ասում, ինչ-որ ժեստով անգամ չի ուզում ցույց տալ, որ ինքը մեղավոր է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձի առնչությամբ Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց. «Թող այլևս Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար իր չարած հանցանքի համար ժողովրդից ներողություն չխնդրի: Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր պետության ղեկավարն է, բայց ես իրեն չեմ համարում Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը: Այդ երկուսն էլ ժողովրդի վզին փաթաթվել են բռնի ուժով»:
Նա հավելեց, որ շատ բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի արարքը. «Ամեն մարդ չէ, որ ընդունակ է ուրիշի կատարած հանցանքի համար ներողություն խնդրել: Դա մարդու մեծության մասին է խոսում: Նրա ուղերձում կա նաև ապագային միտված մի մեծ միտք՝ որ մենք այսօր մոռանանք նախկինը, սուտը, կեղծիքը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:






































