Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՍԵՊԱ) շրջանակներում շատ դինամիկ երկխոսություն է սկսվել կողմերի միջև, ինչը շատ հուսադրող է: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա հայտարարել է, որ մինչև մարտի վերջ պատրաստ կլինի Հայաստանի ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը: «Փաստաթուղթը, որը կոչվում է ՍԵՊԱ-ի իրագործման ճանապարհային քարտեզ, անցյալ տարի ներկայացվել էր մեզ: Եվ այս փաստաթուղթը վերլուծության է ենթարկվել Բրյուսելի համապատասխան ծառայությունների կողմից, մասնավորապես՝ ԵՄ հանձնաժողովի տարբեր ծառայությունների կողմից, և շատ համապարփակ և տպավորիչ փաստաթուղթ է: Այն պարունակում է հարյուրավոր գործնական միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանի տարբեր հանձնառությունների իրագործմանը»,- նշել է դեսպանը։
Դեսպանը նաև ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստում է աջակցության կոնկրետ փաթեթ այս ճանապարհային քարտեզի իրագործման համար. «Եվ մենք շատ բարեկամական մթնոլորտում մեր հայաստանյան գործընկերների հետ քննարկում ենք աջակցության տարբեր ձևաչափերն ու միջոցառումները: Կարող եմ ձեզ հայտնել, որ մենք շատ մոտ ենք համաձայնության գալուն, այսպես կոչված՝ թվինինգ ծրագրերի վերաբերյալ»։
ԵՄ դեսպանի խոսքով՝ մյուս հարցը, որը քննարկում են այս փուլում, բարձր մակարդակի խորհրդատուների ներգրավման հարցն է Եվրամիության անդամ տարբեր պետություններից, ինչը կօգնի Հայաստանին տարբեր ոլորտային ծրագրերի իրականացման գործում: «Մենք իրական քայլեր ենք անում, և ես լավատես եմ ՍԵՊԱ-ի իրականացման քայլերով, այն իմաստով, որ մենք ընդամենը մի քանի ամսից կունենանք ՍԵՊԱ-ի իրականացման ամբողջ մեխանիզմը և ԵՄ կողմից տրամադրվող աջակցության մեխանիզմները»,- հայտարարեց նա:
Սվիտալսկու այս հայտարարությունները հատկապես ուշագրավ են նախկին իշխանությունների այն մտահոգության ֆոնին, թե Նիկոլ Փաշինյանի կառավարության համար Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էական նշանակություն չունի, որ այն չեն վավերացրել Եվրամիության առանցքային անդամ երկրները և նմանատիպ այլ դիտարկումներ։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց՝ նախկին իշխանությունների գնահատականներն ու մտահոգություններն ընդամենը քաղաքական բովանդակություն ունեն, մինչդեռ իրականությունը մի փոքր այլ է. «Պետք է հստակ ամրագրել, որ նույն ՍԵՊԱ-ի կյանքի կոչման ուղղությամբ կա հստակ մշակված ժամանակացույց, և ցանկացած գործողություն տվյալ ուղղությամբ իրականացվում է տվյալ ժամանակացույցով։ Ի դեպ, դա միայն հայկական կողմը չի մշակել, ժամանակացույցը մշակվել է Եվրամիության գործընկերների հետ միասին։ Այդ ժամանակացույցի խախտման որևէ տեղեկություն հայտնի չէ, ինչից կարելի է ենթադրել, որ ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի»։
Քաղաքագետն ընդգծեց. «Գործընթացը հասել էր այնտեղ, որ հայկական կողմը ՍԵՊԱ-ի կյանքի կոչման ճանապարհային քարտեզը մշակել էր, այն ուղարկել եվրոպացի գործընկերներին, իսկ եվրոպացի գործընկերները դրա վերաբերյալ տվել են իրենց առաջարկները։ Եվրոպական կողմի առաջարկների հիման վրա ճանապարհային քարտեզը պետք է ամբողջականացվի և, ինչպես նշել է դեսպանը, մարտի վերջին կունենա իր ամբողջական տեսքը, և երկու կողմերն իրենց գործողություններում կառաջնորդվեն հենց այդ կետերով։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ սա որոշակի բյուրոկրատական գործընթաց է, ինչը սահմանված է ընթացակարգերով։ Այսինքն՝ տվյալ ընթացակարգային գործընթացը պետք է հասցնել իր ավարտին, որից հետո կսկսեն ճանապարհային քարտեզում տեղ գտած կետերը կյանքի կոչել»։
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա հունիսից կնքված համաձայնագրի 80 տոկոսից ավելին մտել է ուժի մեջ, ի՞նչ անելիքներ ունի հայկական կողմը արդեն իսկ ուժի մեջ մտած հատվածն իրագործելու առումով՝ հարցին ի պատասխան Նարեկ Մինասյանն ասաց. «Ըստ էության առանց ճանապարհային քարտեզի կյանքի կոչման հնարավոր չէր, և հայկական կողմն այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանք է տարել։ Պետք է հստակ պատկերացնել, որ սա միակողմանի պրոցես չէ։ Այո՛, հայկական կողմը կարող է ակտիվ լինել, բայց եվրոպական բյուրոկրատիան այդ հարցում իրեն զգացնել է տալիս։ Ամեն ինչ ժամանակացույցով պետք է ամրագրված լինի, չպետք է մոռանալ նաև այդ հանգամանքի մասին»։
Երբ ճանապարհային քարտեզը վերջնական լինի, ըստ Մինասյանի, մենք ականատես կլինենք ավելի ակտիվ քայլերի. «Հայկական կողմը տարբեր մակարդակներով բարձրաձայնել է, կառավարության ծրագրում էլ ամրագրված է այն փաստը, որ ՍԵՊԱ-ն դիտարկվում է որպես բարեփոխումների գործընթացի կարևորագույն գործոն։ Սա վկայում է այն մասին, որ հայկական կողմն ունի քաղաքական կամք և պատրաստակամություն։ Ավելին՝ մարտի սկզբին սպասվելիք Փաշինյանի այցը Բրյուսել վկայում է այն մասին, որ եվրոպական ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համար գերակայություն է։ Վստահ եմ՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումները լրացուցիչ լիցք կհաղորդեն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին»,- եզրափակեց նա։
Փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ դեսպան Սվիտալսկին բարեբախտաբար փարատեց նախկին իշխանությունների կասկածները: «Նրա բնորոշմամբ՝ այժմ բավականին սերտ հարաբերություններ են հաստատվել Եվրամիության և Հայաստանի միջև։ Երկու կողմերը բավականին սերտորեն համագործակցում են համապարփակ և ընդլայնված համագործակցության իրականացման համար, և մինչև մարտի վերջ պատրաստ կլինի ճանապարհային քարտեզը։ Շատ կարևոր մեկ այլ արձանագրում ևս՝ Եվրամիությունն ամեն ինչ անում է, որ մեծացվի Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը։ Կան մի շարք սառեցված ծրագրեր, ու ամեն ինչ անելու են, որ այդ գումարները առաջիկայում հատկացվեն Հայաստանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդանյանն ասաց՝ Եվրամիությունը Հայաստանի կողմից ակնկալում է նախաձեռնողականություն նոր ծրագրերի համար ու պատրաստ է մեծացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնությունն ու ներդրումներ անել: «Հենվելով պաշտոնական աղբյուրների վրա՝ հայկական կողմից տնտեսական զարգացման փոխնախարար Մանե Ադամյանը մի քանի անգամ հայտարարել է, որ համագործակցությունը գերազանց է, ՍԵՊԱ-ն իրականացվում է մեծ տեմպերով, նույնը ասում է նաև Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Եթե երկու կողմերն ասում են, որ ամեն ինչ նորմալ է, որևէ հիմք չկա կասկածելու այդ հայտարարությունների վրա։ Այլ կլիներ իրավիճակը՝ եթե մի կողմը մի բան ասեր, մյուս կողմը՝ այլ։ Ամեն ինչ ընթանում է ծրագրվածի համաձայն, ու որևէ խոչընդոտ չկա այդ ծրագրի իրագործման ճանապարհին»,- եզրափակեց նա։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի










































