Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ամփոփել է հունիսի 28-29-ը Երևան կատարած իր այցի արդյունքները.
«Իմ պաշտոնավարման սկզբից ի վեր առաջին այցը Երևան շատ հաջող էր: Ես երախտագիտություն հայտնեցի իմ բոլոր զրուցակիցներին այն ավանդի համար, որ Հայաստանը ներդնում է ՆԱՏՕ-ի գործողություններում, առաջին հերթին` Աֆղանստանում, ինչպես նաև Կոսովոյում:
Վերջին 10 տարվա փորձը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի հետ լավ փոխգործակցությունը չի հակասում Ռուսաստանի հետ Հայաստանի կառուցողական համագործակցությանը: Եվրոպայի տարածքում կան օրինակներ, երբ երկրները համագործակցում են ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Մենք այդ առնչությամբ խնդիր չունենք: Հայաստանը կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ լինելով ՀԱՊԿ անդամ»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Ափաթուրայը նշել է. «Մենք բոլորս հիասթափված ենք, որ նախագահների Կազանի հանդիպմանը չհաջողվեց էական առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Կազանի հանդիպումն էական առաջընթացի հասնելու լավ հնարավորություն էր ընձեռում:
Միակ առաջընթաց ճանապարհը դիվանագիտական ուղին է: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չափազանց հստակ է. հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ ուժի կիրառումը բոլոր կողմերի համար կհանգեցնի ռազմական ներուժի կորստյան, ինչպես նաև կրախի`քաղաքական և տնտեսական բաղադրիչների համար: Ուստի ՆԱՏՕ-ն, ներգրավված չլինելով բանակցային գործընթացում, այդուհանդերձ, շարունակում է սատարել բոլոր կողմերին, որպեսզի նրանք ընթանան դիվանագիտական ուղով:
ՆԱՏՕ-ն հավատարիմ է այն հայեցակարգին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման դեպքում հաղթողներ չեն լինի: Մենք հավատում ենք, որ երկու կողմերը կպարտվեն ռազմական լուծման դեպքում, և, առաջին հերթին, կպարտվի շարքային քաղաքացին երկու երկրներում, քանի որ կորուստներ կկրի իր տնտեսական հնարավորությունների իրացման գործում: Բացի այդ, նման սցենարն ի չիք կդարձնի վերջին մի քանի տարիներին ողջ ձեռք բերվածը: Ուստի դիվանագիտական ուղին միակ ճանապարհն է մեզ համար, որը կարող է հանգեցնել կշռադատված և փոխընդունելի լուծման»։
Հայ-թուրքական սահմանի բացման գործընթացում ՆԱՏՕ-ի հնարավոր ներդրման համար Ափաթուրայը նկատել է. «ՆԱՏՕ-ն այդ հարցում մանդատ չունի ու չի կարող ներգրավվել կողմերի միջև այդ խնդրի լուծմանը և ցանկացած նման երկկողմ բանակցությունների նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև, էլ ուր մնաց՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի և կարևոր գործընկերոջ միջև: Մենք, բնականաբար, դա թողնում ենք երկու կառավարությունների հայեցողությանը: ՆԱՏՕ-ն ակնկալում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման հարցի դրական և փոխընդունելի լուծում»:










































