Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում, Դավոսում ունեցած հանդիպումներին, հրապարակել է «Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն» վերտառությամբ հոդված: Պարբերականի սյունակագիր Յուրի Ռոքսը նկատում է, որ հակամարտության կարգավորման հարցում որոշակի դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, կան: «Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի և Դավոսի հանդիպումներից հետո շփման գծում լարվածությունն էականորեն թուլացել է:
Հանդիպումների ընթացքում հակամարտության խաղաղ լուծմանը ժողովուրդներին նախապատրաստելու և երկու ազգերի միջև վստահության մակարդակի բարձրացմանը նպաստելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն ամենակարևորն այն է, որ կողմերը հավանաբար հակված են ուժերի և հնարավորությունների սահմաններում հետևելու իրենց խոստումներին»,- գրում է Ռոքսը: Պարբերականի՝ Բաքվի աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի իշխանությունները զգալի նվազեցրել են Հայաստանի հասցեին ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև հակահայկական ուղղվածության հեռուստահաղորդումների ու հրապարակումների քանակը: «Կտրուկ փոփոխությունների մասին չեմ խոսի, սակայն փոփոխությունները կարող են չզգալ միայն կույրն ու խուլը»,- «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանական աղբյուրը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով հոդվածը, նշեց՝ նույնիսկ իրենք իրենց ասածին չեն հավատում. «Ադրբեջանցիներն ինչպե՞ս կարող են խաղաղության ձգտել, դա ռազմատենչ ամբոխ է, որին տարիներ շարունակ ներարկել են պատերազմն ու հայերի հանդեպ թշնամական վերաբերմունքը։ Դե, իսկ հայկական կողմը գիտի՝ խաղաղություն կարող է լինել մի պարագայում, երբ կջախջախվի Ադրբեջանի բանակը, իսկ մեր բանակն առայժմ այդ խնդիրը չի կատարել ու որևէ բանի պատրաստվելու կարիք չունի»։
Շիրինյանն ընդգծեց՝ խաղաղություն պետք չէ նաև ռուսական կողմին. «Պարզապես հիմա տրամադրություններ են շոշափում նման հրապարակումներ։ Եթե հաստատվի խաղաղություն, ռուսները միջամտելու որևէ առիթ չեն կարող ունենալ։ Հետևաբար, դա իրենց համար մահացու մի բան է։ Իսկ եթե ռուսներն իսկապես ուզում էին խաղաղություն, պետք է թողնեին 2016 թվականի Քառօրյա պատերազմում մենք ջախջախեինք ադրբեջանական բանակը։ Հայտնի է, որ հենց ռուսների միջամտությամբ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեր բանակն առաջ չշարժվեց, բայց եթե լինեին այսօրվա իշխանությունները՝ հաստատ կգնային»։
Քաղաքագետի խոսքերով՝ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները խաղաղության նախապատրաստվել չեն կարող։ «Հայաստանի պարագայում պարզ է, Հայաստանը վերակառուցման շրջադարձ է ապրում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Հիմա իրենց ամբողջ մտածածը՝ ինչպես խարխլել Հայաստանի իշխանության հիմքերը։ Իրենք գիտեն, որ Հայաստանի ժողովուրդն այդ «լևոնականությունը» չի ընդունի։ Իրենք ուզում են Նիկոլի ու ժողովրդի մեջ սեպ խրել։ Իրենք դիվանագիտական բլեֆ են անում, բայց ես բաց տեքստով ասեմ՝ դա իրենց չի հաջողվի։ Եթե մենք տուրք տանք այդ խոսակցություններին՝ կվերջանա գենոցիդով։ Ռուսները հոգով-սրտով այդ խաղաղությունը չեն ուզում, որքան էլ մամուլում գրեն»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանը մշտապես նման ակնկալիքներ ունեցել է և կշարունակի ունենալ նաև ապագայում։ «Բոլորս ենք հիշում Լավրովի՝ դեկտեմբերին արած հայտարարությունը, որ Ադրբեջանը հիմա շատ կոնստրուկտիվ է և կոչ էր անում հայկական կողմին ընդառաջել Բաքվի այդ կոնստրուկտիվությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեհրաբյանն ընդգծեց. «Իհարկե, «Լավրովի պլան» կոչված Կրեմլի վարդագույն երազանքը չի վերացել, և եթե դռնից չստացվի, նրանք փորձելու են դա պատուհանից ներս մտցնել»։
Մեր այն դիտարկմանը, թե Ռուսաստանին ևս ձեռնտու չէ հակամարտության կարգավորում իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա մշտապես պահելու համար, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց. «Լավրովի պլան»-ի լուծման մասին չէ, դա այն մասին է, որ փոխվի կոնֆլիկտի երկրաչափությունը Հայաստանի շահերի հաշվին, և ուժեղացվի Ռուսաստանի ներկայությունը կոնֆլիկտի գոտում, իսկ կոնֆլիկտի վերջնական կարգավորումն արդեն հայկական դիրքերի թուլացման պայմաններում առկախվի ու թողնվի Ռուսաստանի քմահաճույքին։ Այսինքն՝ Ղարաբաղյան հակամարտության ձևաչափը Մինսկի խմբի եռանախագահությունից տեղափոխվի Մոսկվա-Բաքու գործարքի դաշտ»։ Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ Մոսկվայի նկրտումները չեն վերացել, և այդպես մտածելը միամտություն կլինի։
Մեհրաբյանի դիտարկմամբ՝ նման հրապարակումների պայմաններում էլ մենք առաջիկայում կշարունակենք ապրել. «Իսկ Ադրբեջանում, ինչպես գիտենք, մամուլը վերտիկալ կառավարելի է, և այնտեղ կարող է չափաբաժինը մեծանալ կամ պակասել, բայց տարիների ընթացքում հակահայկական քարոզչության տակ սերունդ է մեծացել, նույնիսկ նկարչության դասագրքի մեջ է գրած, որ հայերն իրենց թշնամիներն են։ Դա էլ հո չի՞ վերացել, հո գլխի պարունակությունն էլ չի՞ վերացել։ Այո՛, կարճաժամկետ կտրվածքով կարող ենք ասել, որ ինչ-որ բան պակասել է, բայց դա չի վկայում իրավիճակի փոփոխության մասին»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ադրբեջանը հասկանում է ղարաբաղյան հարցի միայն մեկ լուծում։ «Դա այն է, որ հայկական կողմը թղթով վերադարձնի այն ամենը, ինչ Ադրբեջանը կորցրել է իր իսկ հրահրած պատերազմի ընթացքում։ Եվ ասում հետևյալը՝ եթե թղթով չվերադարձնեք, մի հատ էլ պատերազմ կհրահրեմ»,- եզրափակեց Մեհրաբյանը։









































