Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախարարությանը ներկայացված հաշվետվությունների՝ 2013 թվականին ավելի շատ ապօրինի ծառ է հատվել, քան անցյալ տարի:
2013 թվականին ընդհանուր առմամբ հատվել է 2031 ծառ, մինչդեռ 2012 թվականին այդ թիվը կազմել է 1860:
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2011 թվականին Հայաստանի 9 մարզերում հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ վառելափայտի օգտագործումը շատ մեծ է, և դա կապված չէ անտառին մոտ ապրելու հետ. «Փայտ են օգտագործում` անկախ այն բանից, թե որքան մոտ են ապրում անտառային տարածքներին: Այսինքն մարդիկ դեռևս օգտվում են ջեռուցման այս տարբերակից, ինչը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ»:
Նա նշեց, որ անտառահատումների արդյունքում հատվում են այնպիսի ծառեր, որոնք շատ թանկ արժեն, պատկանում են բարձրակարգ ծառերի դասին, ինչպիսին է օրինակ՝ կաղնին. «Սովորաբար վառելափայտ պետք է դառնան ծառերի չորացած ճյուղերը, չորացած ծառերը, սակայն վառելափայտ վաճառողները հիմնականում հատում են առողջ ծառերը, ինչի արդյունքում մենք կորցնում ենք մեր բարձրակարգ ծառերը»:
Ինգա Զարաֆյանն ասաց նաև, որ պետք չէ մասնագետ լինել` հասկանալու համար, թե ինչու են ապօրինի ծառահատումները շատացել. «Բոլորը հասկանում են, որ ծառահատումները կապված են գազի գնի թանկացման հետ: Մարդիկ այս տարի անգամ Երևանում են փայտի համար նախատեսված վառարաններ դրել, քանի որ ի զորու չեն վճարել գազի գինը»:
Մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց, որ այս տեմպերով շարժվելու դեպքում մենք ավելի կնպաստենք Հայաստանի անապատացմանը:
Նշենք նաև, որ անցյալ տարի անտառավերականգնման աշխատանքներ են իրականացվել շուրջ 542 հեկտար տարածքի վրա, որից 448.3 հեկտարը՝ «Հայանտառ ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունում», 94 հեկտարը՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում:









































