Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Կորյուն Սարգսյանի գործի դատավարությունը:
29-ամյա վանաձորցի Կորյուն Սարգսյանը տարրական կրթություն ունի և նախկինում՝ 4 դատվածություն՝ գողությունների համար: Վերջին անգամ դատապարտվել է 2011 թվականին ու գողության համար կրել 2 տարի 6 ամիս ազատազրկում: Իսկ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին նա ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:
Ըստ դատական ակտի՝ Վանաձորի 26-ամյա բնակիչ Արենը 2013 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 16-ից իր ընկեր Գևորգի ծննդյան օրվա կապակցությամբ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցում գտնվող նրանց տնակում մասնակցել է հացկերույթի: Ալկոհոլ է օգտագործել:
Ժամը 21-ի սահմաններում Գևորգի հետ դուրս է եկել ծխելու:
Այդ ժամանակ նրանց է մոտեցել նույն թաղամասի բնակիչ Կորյուն Սարգսյանը իր եղբայրներ Կոլիկի ու Հմայակի հետ: Կորյունը հետաքրքրվել է, թե չգիտե՞ն՝ ինչ «Ջիպ» է երթևեկել իրենց թաղամասում և՝ ի՞նչ նպատակով: Կորյունի հարցն անպատեհ է թվացել Արենին, նա պատասխանել է վրդովված տոնով, ինչով վիրավորել է թաղամասի երթևեկով հետաքրքրվող Կորյունին: Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Կորյունն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արենի որովայնին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս ու դիմել փախուստի:
Ընդհանուր իրավասության դատարանում Կորյուն Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել: Գործը քննվել է արագացված կարգով:
Կորյուն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման:









































