Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Գեղամ Նազարյանի գործի դատավարությունը:
16-ամյա Գեղամը սովորել է Ավանի Բաբաջանյան փողոցում գտնվող ֆինանսատնտեսագիտական քոլեջում:
2013 թվականի հունիսի 24-ին՝ քննությունների ավարտից հետո, գնացել է քոլեջ՝ քննությունների արդյունքները ստուգման գրքույկում լրացնելու համար:
Քոլեջի միջանցքում ուսով նրա ուսին է դիպել քոլեջի ուսանող Նորայրը: Գեղամը պահանջել է, որ վերջինս ներողություն խնդրի, Նորայրը ներողություն չի խնդրել: Վիճաբանել են պատանիները, քանզի դա՝ ուսով միմյանց դիպչելը, «աններելի» բան է, վիրավորելուն հավասար գործողություն, անպատվություն: Այդպես գժտված էլ տղաները բաժանվել են միմյանցից:
Եթե ուսով միմյանց դիպչելու համար վիճել էին, ուրեմն մեկն էլ պիտի լիներ, որ «ճիշտ ու սխալ» որոշեր ու նույն ուսումնական հաստատությունում սովորող տղաներին հաշտեցներ:
Այդ անշնորհակալ գործը ստանձնել է նույն քոլեջի ուսանող Սամվելը, ով մտերիմ է եղել վիճաբանած կողմերի հետ:
Միջադեպի հաջորդ օրը՝ հունիսի 25-ին, Սամվելն առաջարկել է տղաներին հանդիպել, զրուցել ու հաշտվել:
Գեղամը, մտածելով, թե Նորայրը մենակ չի գա, ընկերներ կբերի հետը, ինքն էլ գնացել է եվրոպական համալսարան, հանդիպել իր ընկերներ Դավիթին, Տիգրանին, Ռաֆիկին ու Հրայրին: Միասին գնացել են ֆինանսատնտեսագիտական քոլեջ:
Ժամը 13-ին հասնելով այնտեղ՝ Գեղամն ընկերներին թողել է քոլեջի տարածքից դուրս, ինքը գնացել է քոլեջ: Շենքի մուտքի մոտ հանդիպել է Սամվելին, Նորայրին ու ևս երկու տղայի:
«Զրուցելու» համար գնացել են քոլեջի հարակից տարածք: Սամվելը հանդիմանել է՝ միմյանց ուսի դիպչելու պատճառով անհարկի վիճաբանություն սարքելու համար: Քանի որ պարզաբանումը վարել են բացառապես գոռոցներով, մտածել են, որ քոլեջից մի քիչ էլ հեռանան: Գնացել են քոլեջի աջ կողմում գտնվող ավտոտնակների մոտ: Այնտեղ մոտեցել են Գեղամի «թիմակիցները»: Կողմերը ծանրումեծ ծանոթացել են միմյանց հետ:
Գեղամը ընկերների ներկայությամբ իրեն «դրսևորելով»՝ դիմել է Նորայրին. «Լավ տղերքին սխա՞լ ես հանում»: «Լավ տղան» ասել է այս «ծանր» հանդիմանանքը ու հարվածել Նորայրի դեմքին:
Սա կռիվ սկսելու ազդանշանի պես կողմերին միմյանց դեմ է հանել, խառը ծեծկռտուք է սկսվել:
Հաշտարարի դերը ստանձնած Սամվելը, դեռ հույս ունենալով ներգործել Գեղամի վրա, մոտեցել է նրան, հրել է՝ սթափեցնելու համար:
Ըստ Գեղամի՝ Սամվելի հրելուց հետո ինքն ընկել է, անմիջապես վեր կացել ու տեսել, որ Սամվելը իրեն է մոտենում:
Եթե Գեղամը ուսով իր ուսին պատահաբար դիպչելը չէր ներել, միտումնավոր հրելը, առավել ևս ընկերների աչքի առաջ իր ընկնելը ո՞նց կներեր. նա գրպանից հանել է ներքին փականով դանակը, որ բերել էր իր հետ, ու շեղբի սուր մասով նախ հարվածներ է հասցրել Սամվելի ոտքին: Բայց Սամվելը չի ընկել, հետ չի քաշվել:
Այդ ժամանակ Գեղամը դանակով հարվածել է Սամվելի մարմնին: Իսկ երբ տեսել է, որ նրա հագուստն արյունոտվում է, ընկերների հետ դիմել է փախուստի:
Ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Նազարյանն իրեն մեղավոր է ճանաչել դիտավորությամբ Սամվելին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ պնդելով նախաքննական ցուցմունքները:
Տուժող Սամվելը հայտնել է, որ երբ զգացել է իր դանակահարված լինելը, զանգել ու կանչել է հորեղբորորդուն և կորցրել է գիտակցությունը: Շտապ դեպքի վայր հասած բարեկամը Սամվելին հասցրել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:
Գեղամ Նազարյանի հարազատները հատուցել են տուժողի բուժման ծախսերը, տուժողը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, հայտնել է, որ հաշտվել է ամբաստանյալի հետ:
Դատարանը հաշվի է առել, որ հանցանքը կատարելու պահին Գեղամ Նազարյանը եղել է անչափահաս:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել նաև, որ ավելի վաղ հրդեհի հետևանքով Գեղամ Նազարյանը ծանր աստիճանի այրվածքներ էր ստացել, ճանաչվել հաշմանդամ երեխա, նույն պատահարի ժամանակ զոհվել էր նրա երկվորյակ եղբայրը: Գեղամը կրել էր ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան տրավմա. նրան բնորոշ են դարձել հուզական անկայունությունը, դյուրագրիռ, զգայուն լինելը, բնավորության փսիխոպաթիկ գծերը:
Ընդհանուր իրավասության դատարանը Գեղամ Նազարյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 3 տարի ազատազրկման: Համաներման կիրառմամբ անչափահաս Նազարյանն ազատվել է պատժի կրումից:








































