«Ժառանգություն»-ը կողմ է երկրում արմատական իշխանափոխություն իրականացնելուն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնել:
«Մենք բազմաթիվ անգամներ կրկնել ենք, որ երկրում պետք է արմատական իշխանափոխություն, և դրանից հետո՝ արմատական բարեփոխումներ: Ինչ վերաբերում է 4 խմբակցությունների նախաձեռնությանը, ապա ես տեղեկացված եմ, որ նրանք ունեն պայմանավորվածություն որևէ բան չհրապարակել, քանի դեռ որևէ բան որոշված չէ, ուստի ես ևս ձեռնպահ կմնամ որևէ դիրքորոշում հայտնելուց՝ այդ տեսակետի հետ կապված: Վերջնական որևէ բան չկա»,- ասաց նա:
Մարտիրոսյանը խոսեց «Ժառանգության» անունից՝ շեշտելով, որ իրենք ուզում են, որ երկրում իրականանա արմատական իշխանափոխություն, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումներ. «Վարչապետը ոչինչ որոշող չէ առանց նախագահի: Մեր դիրքորոշումը հստակ է, մենք կողմ ենք ամբողջական արմատական իշխանափոխությանը և ոչ միայն իշխանափոխութանը, այլ նաև արմատական բարեփոխումներին»։
Նա հավելեց, որ այդ խնդիրները դրված են «Ժառանգության» օրակարգում, բայց իրենք միայնակ ոչինչ չեն պատրաստվում անել, հասարակությունը ևս միասնականություն է ուզում տեսնել. «Մնացածը քաղաքական զարգացումները ցույց կտան»:
Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե վարչապետին պաշտոնանկ անելն ի սկզբանե «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռությունն է եղել, և տպավորություն է, թե մյուս ուժերը, այդ թվում՝ նաև «Ժառանգությունը», պարզապես ԲՀԿ-ի մտահղացումն են իրականություն դարձնում, նախկին պատգամավորն ասաց. «Եթե նման խնդիր կա, ապա դա «Բարգավաճի» մեր գործընկերները կմեկնաբանեն, ես «Ժառանգության» անունից կարող եմ ասել. մեր տեսակետը հստակ է, և ես այն հստակ արտահայտեցի»:









































