Դանիայում տարածված լուրերը, թե մտադիր են քնեցնել Մարիուս անունով ընձուղտին, չափազանց ուռճացված են՝ գրում է ITAR-TASS-ը:
Վիդեբեկի «Յուլանդս-պարկ» կենդանաբանական այգու ադմինիստրացիան, որտեղ պահվում է կենդանին, Facebook-ի իր էջում հայտնել է, որ «ընձուղտներից մեկին էվթանազիայի ենթարկելու կամ տեղափոխելու պլաններ չեն ունեցել»:
«Մամուլում հայտնված հաղորդագրությունները հիմնվել են տեսական իրավիճակային քննարկումների վրա: Այդ իրավիճակը հիմա կարծես կարգավորվում է»,- հայտնել են կենդանաբանական այգու ադմինիստրացիայից:
Փետրվարի 9-ին Կոպենհագենի կենդանաբանական այգում քնեցրել էին մեկուկես տարեկան նույնպես Մարիուս անունը կրող ընձուղտի: 1 շաբաթ անց մամուլում լուրեր տարածվեցին, թե «Յուլանդս-պարկը» կսպանի ընձուղտին, եթե այնտեղ տեղափոխվի ընձուղտին ազգակից էգ ընձուղտ: Այդ միջոցառումը հետապնդել է երկու մոտ ազգակիցների խաչասերումից խուսափելու նպատակ:
Ավելի ուշ պարզվել էր, որ ազգակից ընձուղտը չի տեղափոխվի «Յուլանդս-պարկ»:







































