ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Մյունխենում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Երկուսով թեյի սեղանի շուրջ երկարատև զրույց ենք ունեցել հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում հրավիրել եմ նրան այցելել Հայաստան»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, Ձեր կարծիքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը ի՞նչ առաքելություն կարող է իրականացնել հայ-ամերիկյան հարաբերություններում։
– Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի պոտենցիալը շատ քիչ է օգտագործվում արտաքին քաղաքականության մեջ։ Ներկայիս նախագահը նախկինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, եղել է Հայաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում՝ այս առումով մեծ փորձ ունի կուտակած, անձնական մեծ կապեր, և կարծես այդ կապերը չեն օգտագործվում Հայաստանի համար։ Սա, իհարկե, ճիշտ չէ, և պետք է նախագահի անձնական կապերը օգտագործվեն ոչ միայն հայ-ամերիկյան, այլև ընդհանրապես մեր արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա, իհարկե, շատ կարևոր են բարձրաստիճան փոխայցելությունները։ Գիտեմ նաև, որ նախագահը հանդիպել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ, ում թեկնածությունը քննարկվում է որպես ԱՄՆ հաջորդ նախագահ, այսինքն՝ Ջո Բայդենը չի բացառում, որ կարող է մասնակցել Միացյալ Նահանգների հաջորդ նախագահական ընտրություններին։ Գիտեք, որ Նենսի Փելոսին հիմա Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակն է և շատ կարևոր գործիչ։ Բայց պետք է հաշվի առնենք, որ նա անձնական թշնամական կապեր ունի Հանրապետական կուսակցության և մասնավորապես Թրամփի հետ։ Չգիտեմ, թե դա որքանով դրական կամ բացասական ազդեցություն կունենա վարչակազմի հետ մեր հարաբերությունների վրա։ Այս օրերին Հայաստանի արտգործնախարարը հանդիպել էր դեմոկրատ սենատոր Մենենդեսի հետ, Արմեն Սարգսյանը փաստորեն՝ դեմոկրատ Ջո Բայդենի և Նենսի Փելոսիի հետ. ցավոք սրտի, մենք պետք է հնարավորինս ամեն ինչ անենք, որ այդ շփումներում գերակայեն նաև հանրապետականների հետ շփումները։ Հիմա գիտենք, որ բավականին լարված ներքաղաքական իրավիճակ է Միացյալ Նահանգներում. Թրամփի վարչակազմը հանրապետականներ են, ինքն էլ է հանրապետական ու լարված հարաբերություններ ունի նրանց հետ, ում հետ մեր պաշտոնյաները հանդիպել են։
– Կարծում եք՝ խնդիրնե՞ր կառաջանան։
– Բալանսը պահելու համար պետք է հանրապետականների հետ էլ ակտիվ շփվել՝ ցանկացած մակարդակով և ցանկացած պաշտոնյայի կողմից։
– Իսկ ինչքանո՞վ է հավանական, որ Նենսի Փելոսին կընդունի նախագահ Սարգսյանի հրավերը։
– Իհարկե, հրավերը կարող է ընդունվել։ Չմոռանանք, որ Նենսի Փելոսին հայ համայնքի հարցերով քաջատեղյակ անձնավորություն է, մեծ աջակցություն է ցուցաբերել հայկական օրակարգային հարցերին, որոնք եղել են Միացյալ Նահանգներում։ Այն բանաձևերը, որոնք եղել են Կոնգրեսում, նա ամեն կերպ պաշտպանել է, այնպես որ, ես կարծում եմ՝ Փելոսիի կողմից հրավերի ընդունումը մեծ հավանականություն ունի։
– Արդյոք կարծո՞ւմ եք, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ուղղութամբ Արմեն Սարգսյանը ինքնուրույն, Հայաստանի գործադիր իշխանությունից անջատ քաղաքականություն է վարում:
– Չեմ կարծում, թե նախագահ Սարգսյանը առանձին քաղաքականություն է վարում, բայց եթե մասնակցում է աշխարհի ամենակարևոր անվտանգության միջոցառմանը, իհարկե այնտեղ պետք է լինեն տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և բնականաբար հանդիպումներ՝ կազմակերպված կամ չկազմակերպված, նախատեսված կամ չնախատեսված։ Նորմալ է, որ նախագահը տարբեր այդպիսի հանդիպումներ է ունենում, ես չեմ կարծում, թե դա սեպարատ հանդիպումների շարք է։ Չեմ էլ կարծում, որ նախագահը նման նախաձեռնությունների անհրաժեշտություն ունի։ Սա ընդամենը խոշորագույն անվտանգության կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցած հանդիպում է։ Իհարկե, անձնական կապերի ձևավորման ու ամրապնդման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի։
– Այսինքն՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի տիրույթում այսօրինակ նախաձեռնությունները առանձին գործողությունների մասին չե՞ն վկայի՝ վարչապետ-նախագահ տիրույթում։
– Ես նման հակասություններ չեմ տեսել, հակասական քայլեր չեն եղել։ Չեմ էլ տեսել նաև լիազորությունների սահմանի անցում։ Նախագահը Սահմանադրության շրջանակներում ունի իր լիազորությունները և, ըստ իս, հենց այդ լիազորությունների շրջանակներում էլ իրականացնում է իր գործողությունները, այդ թվում նաև՝ օտարերկրյա ճամփորդություններն ու հանդիպումները։










































