Երեկ Մոսկվայում հրապարակվել են Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները: Առաջին մրցանակի և ոսկե մեդալի է արժանացել Դանիիլ Տրիֆոնովը Ռուսաստանից, երկրորդ տեղում էր Յոլ Յուն Սոնը՝ Հարավային Կորեայից, երրորդում՝ Սենգ Չժին Չոն՝ կրկին Հարավային Կորեայից:
Մեր երկիրը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը ստացել է ոսկե մեդալ թավջութակահարների մրցույթում՝ շրջանցելով ֆրանսիացի Էդգար Մորոյին և բելառուս Իվան Կարիզնային: Նարեկ Հախնազարյանը նաև արժանացել է հատուկ մրցանակի օն-լայն հարցման արդյունքում: Հատկանշական է, որ Նարեկի անվան հետ է կապված այս մրցույթի նախապատրաստական փուլում պատահած սկանդալը:
Հունիսի 25-ին կայացած թավջութակահարների փորձի ժամանակ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնը վիրավորել էր Նարեկ Հախնազարյանին: Այդ ամենը հեռարձակվել էր ինտերնետում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել: Մրցույթի կազմկոմիտեում նույնպես համարել էին, որ Գորենշտեյնի արտահայտությունները վիրավորական են եղել: Փաստորեն, օնլայն քվեարկությամբ երաժշտասերներն իրենց վերաբերմունքն են արտահայտել Գորենշտեյնի նկատմամբ՝ հատուկ մրցանակի արժանացնելով Նարեկին:










































