Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, հայց է ներկայացրել ընդդեմ Ստամբուլի դատախազության՝ հաղորդում է Milliyet-ը:
Հաղորդվում է, որ հայցի ներկայացման պատճառը Բիլալ Էրդողանի դեմ հերյուրանքն է երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի շրջանակներում: Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ կոռուպցիոն սկանդալում ներգրավված է նաև Էրդողանի որդին:
Նախկինում Բիլալ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է ցուցմունք տալ կոռուպցիոն սկանդալի գործով:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են տասնյակ անձինք, այդ թվում՝ թուրք խոշոր գործարարների և նախարարների որդիներ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, մաքսանենգության մեջ: