Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ իր սահմաններին վերահսկողության ժամանակակից համակարգեր տեղադրել: Այս մասին գրում է «Նոր Յառաջ»-ը՝ հղում կատարելով թուրքական «Աքշամ» օրաթերթին, ըստ որի՝ Թուրքիայի արևելյան սահմանամերձ գոտիներում զինված ուժերի գլխավոր հրամանատարության և ներքին գործերի նախարարության համագործակցությամբ սկսվել են ականազերծման աշխատանքները: Ծրագիրը կիրագործվի երկու փուլով:
1. Հայաստանի և Իրանի հետ սահմանակից ականապատ տարածքների (11 միլիոն 665 հազար 641 ք/մ) ականազերծում:
2. Սահմանային վերահսկողության ժամանակակից համակարգերի տեղադրում, որոնց ժամանակակից հնարավորությունները թույլ կտան առավելագույնս կանխել ապօրինի գաղթը և մաքսանենգությունը:
Նշված գործողությունների իրականացման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 52 միլիոն 450 հազար եվրո: Նախատեսվում է այդ գումարի 75 տոկոսը ստանալ Եվրոպական միությունից, իսկ մնացած մասը կտրամադրի Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
«Ուշադրություն հրավիրելով Հայաստանի հետ սահմանային տարածքների ականազերծման և Ալիջանի սահմանակետի ճանապարհի կպրապատման ու ընդլայնման արդեն սկսված աշխատանքների վրա, «Աքշամ»-ը հարց է տալիս՝ արդյո՞ք դրանք սահմանի մոտալուտ վերաբացման նշաններ են»,- գրում է «Նոր Յառաջ»-ը: