Բրիտանական կառավարությունը հայտարարել է սեռական ոտնձգությունների զոհ դարձած տղամարդկանց օգնության հիմնադրամի ստեղծման մասին՝ գրում է The Guardian-ը:
Կազմակերպության բյուջեն կազմում է կես միլիոն ֆունտ սթեռլինգ: Աշխատակիցները հոգեբանական և բժշկական օգնություն կցուցաբերեն հանցագործության զոհերին, ինչպես նաև նրանց կօգնեն խորհրդով:
Ոստիկանության և քրեական հետաքննությունների հարցերով նախարար Դեմիեն Գրինը հայտարարել է, որ հիմնադրամը կոչված է սկիզբ դնելու տղամարդկանց հանդեպ սեռական բռնության մասին հասարակական քննարկմանը: Նրա խոսքով՝ այդ թեման այժմ տաբու է:
Բրիտանական ոստիկանության տվյալներով՝ ամեն տարի Անգլիայում և Ուելսում բռնաբարությունների զոհ են դառնում 72 հազար արական սեռի ներկայացուցիչներ: Սեռական բնույթի բոլոր հանցագործությունների մոտ 12 տոկոսն իրականացվում է արական սեռի ներկայացուցիչների հանդեպ:
Ոստիկանները կարծում են, որ բռնաբարված շատ տղամարդիկ ամոթից չեն հայտնում իրենց հետ կատարվածի մասին:









































