ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 15 անդամներ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել մարիխուանան հանել ծանր թմրանյութերի դաշնային ցուցակից՝ հաղորդում է Times-ը:
Ուղերձում քաղաքական գործիչները նշում են, որ իրենց ոգեշնչում է Օբամայի վերջին հայտարարությունն այն մասին, որ մարիխուանան ալկոհոլից ավելի վտանգավոր չէ:
«Մենք Ձեզ խնդրում ենք միջոցներ ձեռնարկել՝ օգնելու մեղմացնել հասարակության համար բացասական հետևանքները, որոնք առաջացնում է դաշնային ցուցակում մարիխուանայի որակավորումը»,- ասվում է նամակում, որի տակ ստորագրել են 17 դեմոկրատներ և 1 հանրապետական:
Ավելի վաղ Օբաման հարցազրույցներից մեկում իր աջակցությունն էր հայտնել ամերիկյան նահանգներին, որոնք օրինականացրել են մարիխուանան, և հայտարարել էր, որ մարիխուանան ալկոհոլից վտանգավոր չէ:






































