ԱՄՆ-ում եղանակի ազգային ծառայությունը չորեքշաբթի օրը նախազգուշացրել է Վաշինգտոնում և քաղաքամերձ շրջաններում սպասվող փոթորկի մասին: Ենթադրվում է, որ այս շրջանում կտեղա 10-ից մինչև 20 սմ ձյուն: Սպասվում են նաև սառցե անձրև և ուժգին քամի:
Վատ եղանակային պայմանների հետ կապված՝ մեկը մյուսի հետևից հետաձգվում են այսօր կայանալիք հասարակական միջոցառումները: Մասնավորապես՝ հետաձգվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավար Ջանեթ Ելենի ելույթը:
Բացի այդ, հետաձգվել են նաև մի քանի կոմիտեներում լսումները, որոնցում նախատեսվում էր քննարկել դաշնային գերատեսչությունների փոխնախարարների պաշտոններում մի քանի թեկնածություններ: ԱՄՆ մայրաքաղաքի իշխանությունները դեռևս չորեքշաբթի երեկոյան քաղաքում հայտարարել են արտակարգ դրություն:
Համապատասխան ծառայություններին կարգադրվել է տարհանել հիմնական մայրուղիներում կայանած ավտոմեքենաները՝ ձյուն մաքրող տեխնիկայի ճանապարհն ազատելու համար:
Էլեկտրական ընկերությունները մոբիլիզացնում են հավելյալ աշխատանքային խմբեր՝ էլեկտրամատակարարման հնարավոր խափանումները կանխելու համար: Շատ դպրոցներում դասերն արդեն հետաձգվել են: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:









































