«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներն, ովքեր պայքարի էին դուրս եկել ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի, փակ քննարկում են ունեցել ղեկավարության հետ: ՀԿԵ աշխատակից Արայիկ Սարդարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գործադուլ չեն անում, աշխատանքի են, իսկ հետագա քայլերը կախված են ՍԴ մարտի 28-ի որոշումից: «Տեսնենք` ոնց կլինի, խոստումներ չեն եղել: Գործադուլ չենք անում, աշխատանքի ենք, տնօրենը եկել է, ղեկավարության հետ խոսել, աշխատողներին հավաքել, խոսել է, ասել, որ իրենց ցանկությամբ չի պայմանավորված, մեր` Հայաստանի Հանրապետության օրենքներն են, դրանից է կախված` եթե պահումներ արվելու են, իրենք էլ կանեն, եթե ոչ` այդ պահած գումարը հետ են տալու: Պահումն արել են, որ մի քանի ամսվանը միանգամից չպահեն, որ հետո ավելի զգալի չլինի պահած գումարի պակասը, դրա համար արդեն պահել են»,- ասաց նա:
Սարդարյանը նշեց, որ ՀԿԵ աշխատակիցներն ընդհանուր առմամբ 4000 հոգի են, իսկ 1974 թ. հետո ծնվածները` մոտ 1600 հոգի: Նրանք սպասում են Պարտադիր կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ ՍԴ որոշմանը, դրանից հետո միայն պարզ կլինի` վերջն ինչ է լինելու: «Ռուսն էլ ասում ա, էլի, իմ ձեռքին էլ բան չկա, ՀՀ-ն ինչ օրենք կայացնում է, մենք էլ դրանով շարժվում ենք, ինքն էլ չի կարող խախտել այդ օրենքը: Պարտադիր կուտակայինն է էդ, էլի»,- ասաց նա:
ՀԿԵ աշխատակիցներից Կորյունը նշեց, որ իրենց բողոքի ակցիան շարունակություն չունեցավ, որովհետև սպառիչ պատասխան տրվեց իրենց, իրենք հանդիպեցին տնօրինության հետ, ստացան իրենց հարցերի պատասխանը: Թե ինչ կլինի հետագայում, ինչ քայլերի կդիմեն, ընթացքը ցույց կտա: «Տեսնենք` ոնց ա լինելու, չգիտեմ, դեռ չեմ կարող ոչ մի բան ասել»,- նշեց նա:
Աշխատակիցներից մեկն էլ` Սամսոնը, ի հակադրություն գործընկերների, նշեց, որ չի համակերպվելու, շարունակելու է պայքարել, սակայն դա ևս կախված է մարտի 28-ի որոշումից: «Այո, շարունակելու ենք, տենց բան չկա, շարունակելու ենք պայքարել: Արդեն մարտի 28-ին պարզ կլինի` ինչ է լինելու: Եթե ընդունվեց օրենքը, երևի կշարունակենք, դրանից հետո պարզ կլինի, դեռ չգիտեմ»,- ասաց նա: Հարցին` արդյոք իր համար էլ ղեկավարության հետ հանդիպումը սպառի՞չ է եղել, ստացե՞լ է հուզող հարցերի պատասխանները` Սամսոնը նշեց, որ բացարձակապես սպառիչ համարել չի կարող, ավելի ստույգ` կիսով չափէ սպառիչ եղել, այսինքն` 50-50:«Վերջնական ոչինչ որոշված չի: Դե էդ արդեն ժամանակը ցույց կտա, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Փետրվարի 10-ին «Հարավկովկասյան երկաթուղու» վարչական շենքի առջև ՀԿԵ աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել: Վերջիններիս աշխատավարձից կուտակային պահումներն արդեն իսկ արված էին, և իրենք պահանջում էին հետ տալ իրենց աշխատավարձերից պահված գումարները:«Հարավկովկասյան երկաթուղու»` ընդդեմ կուտակայինի պայքարող աշխատակիցների մեծ մասն, ըստ որոշ տեղեկությունների,Ծովագյուղից են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գևորգյանը նշեց, որ իրենց գյուղից միայն հինգ աշխատակից են:
Գյուղապետը, ում ևս վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, նոր համակարգի դեմ առարկություններ չունի: «Ամեն մարդ իր կարծիքն ունի, եթե նախագահը որոշել է` տենց ճիշտ ա, մեզնից շատ ճամփա անցած մարդ է, ուրեմն էդ ճիշտ է, էլի»,- ասաց նա: Հարցին` արդյոք իր աշխատավարձից պահում արվե՞լ է արդեն, նա բացասական պատասխան տվեց: Գևորգյանը, թեև անձամբ նոր համակարգին դեմ չէ, սակայն չի խանգարելու դրա դեմ պայքարող համագյուղացիներին: «Չէ, չենք խանգարելու, կթողնենք մինչև վերջ ինչ ուզեն՝ անեն: Մենք ժողովրդի հետ ենք, եթե ժողովուրդը գտնում է, որ էդ ճիշտ է, մենք ժողովրդի կողքին ենք կանգնելու»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































