Թուրքիայի հայ և ասորական համայնքների հոգևորականները ցանկանում են պետության կողմից վարձատրվել՝ աշխատավարձ ստանալ, քանի որ հակառակ պարագայում խտրական վերաբերմունք է դրսևորվում իմամների և իրենց միջև:
Երկու համայնքների հոգևորականների աշխատավարձերը պետության կողմից վճարվելու պահանջով նամակներ են հղվել Թուրքիայի մահմեդականների հոգևոր վարչությանը (Դիյանեթ), Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուին՝ առկա անհավասարության հարցը լուծելու համար:
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռևս աշխատում են ամփոփ տեղեկագրի մշակման ուղղությամբ: «Տակավին մենք՝ պատրիարքարան լինելով, դիմում չենք հղել, որովհետև պետք է տեղեկագիր պատրաստենք և ուղարկենք, դրան դեռ պիտի համաձայնություն տան: Սա երկար գործընթաց է: Արդեն իսկ Անկարայից երկու հոգի եկել էին: Մենք խոսեցինք իրենց հետ, և իրենք ասացին, որ տեղեկագիր պատրաստենք՝ քանի հոգևորական կա, որքան է կազմելու ծախսը և այլ հարցերի շուրջ: Պետք է պատրաստվի և ուղարկվի ընդարձակ տեղեկագիր, և մեր պայմանները պետք է ընդունվեն, եթե դրանք չընդունվեն, ապա մենք որևէ դրամ չենք պահանջի»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ցանկացած պայման չեն կարող ընդունել, հետևաբար պիտի տեսնեն՝ ինչ կառաջարկեն, որից հետո որոշում կկայացնեն: Արամ արքեպիսկոպոսի խոսքով՝ եթե պայմաններն իր համար ընդունելի չլինեն, իրենցից գումար չի ընդունի, աշխատավարձ էլ չի պահանջի: Մինչ այս իրենք պետությունից որևէ գումար չեն ստացել՝ ոչ որպես պատրիարքարան, ոչ որպես հոգևորականներ, ոչ որպես եկեղեցի:
«Եթե մահմեդական հոգևորականները վճարվում են, մենք պահանջեցինք, որ մեր հոգևորականներին էլ վճարեն: Մեզ դեռևս ոչ «այո» են ասել, ոչ էլ «ոչ»: Մենք կարծում ենք՝ պիտի քննարկվեն այս հարցերը, թե որքան է պատրիարքարանի կազմը, ովքեր պիտի վճարվեն, ինչ կերպ, ինչ պայմաններով. սրանք մեկ օրում լուծվելիք հարցեր չեն, դրանց քննարկումը մեկ տարի կտևի»,- ասաց նա:
Թուրքիայի Հանրային հարցաքննությունների խորհուրդը, ընդառաջելով հայ քահանաներից մեկի դիմումին, քննարկում է տարբեր կրոնների հոգևորականներին ևս ամսական թոշակ հատկացնելու հարցը: Այս նպատակով հիշյալ Խորհրդի ղեկավարը՝ Մ. Էլքաթմըշը, առանձին հանդիպումներ է ունեցել հրեաների, հայերի ու ասորիների հոգևոր պետերի հետ: Էլքաթմըշը այցելել է Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: Նա նամակներ է հղել նաև նաև պատկան նախարարություններին և շահագրգիռ հաստատություններին: Եթե այս նախաձեռնությունները դրական արդյունք ունենան, քրիստոնյա կամ հրեա հոգևորականները նույնպես կարող են պետությունից ամսական թոշակ ստանալ:











































