ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն իմաստուն մարդիկ են, նրանք գլխավոր քարտուղարի խնդրի վերաբերյալ ճիշտ որոշում կկայացնեն: Փետրվարի 6-ին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իմաստուն ու փորձված մարդիկ են, նրանք ճիշտ որոշում կկայացնեն: ՀԱՊԿ միացյալ շտաբը աշխատող մարմին է, որը պատրաստ է իրականացնել պետությունների ղեկավարների կայացրած ցանկացած որոշում»,- ընդգծեց Սիդորովը:
Նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել էին` նրան քրեական գործով առաջադրված մեղադրանքի հիմքով։
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին է տրված մինչև 2020 թ. ժամկետով, մինչդեռ Բելառուսի Հանրապետությունն այս պաշտոնին առաջարկել է ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:
Նոյեմբերի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը Յուրի Սեմերիկովն է: