Հայաստանին սահմանին գազի սակագնի փոփոխությունների հետ կապված քննարկումներ են իրականացվում բոլոր ուղղություններով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ նշելով, որ քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ինքը չի կարող տեղեկություն հաղորդել սակագնի փոփոխությունների ու դրանցից բխող զարգացումների մասին:
«Գազի սակագնի հետ կապված՝ «Գազպրոմ Արմենիա»-ի տեղեկատվական ծառայությունը հրապարակել է համապատասխան հաղորդագրություն: Դրանից զատ որևէ տեղեկատվություն առկա չէ: Պարտք կուտակվում է, թե չի կուտակվում, թե ինչպես պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, ես այժմ չեմ կարող ասել, բոլոր հարցերը հիմա քննարկվում են: Ի դեպ, քննարկումներն անցկացվում են բոլոր ուղղություններով, այդ թվում ներդրումային, կապիտալ նորոգումների ծրագրերի, կորուստների և այլն: Նպատակն այն է, որ մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությանը, մյուս կողմից չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների»,- ասաց Վախթանգ Միրումյանը:










































