Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն կարծում է, որ Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հավանական հանդիպումը կարող է քննարկվել երկու երկրների ներկայացուցիչների (ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին) միջև հերթական երկխոսության ժամանակ՝ հաղորդում է RIA Novovsti-ն:
Երկու երկրների ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսված է փետրվարի վերջին՝ Պրահայում: Աբաշիձեն ևս չի բացառում, որ տվյալ թեման կարող է քննարկվել իրենց հանդիպմանը:
«Ռուսաստանի հետ բանակցություններում մենք ունենք երկու ձևաչափ՝ ժնևյան բանակցությունները և Կարասինի ու Աբաշիձեի միջև երկխոսությունը, որը կայանալու է փետրվարի վերջին: Չի բացառվում, որ այս հարցը կքննարկվի նրանց հանդիպմանը, և կպարզվեն որոշակի մանրամասներ»,- ասել է Փանջիկիձեն:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե վերջինս ցանկություն հայտնի: Վրաստանի նախագահն իր հերթին ասել է, որ կվերլուծի Պուտինի խոսքերը, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահի հետ:












































