Շոտլանդիայի արևելյան ափին գտնվող Թորենս ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է այն բանից հետո, երբ ծովի ջրերում, որոնք օգտագործվում են ատոմակայանի ռեակտորը սառեցնելու համար, հայտնաբերվել են մեծ քանակությամբ մեդուզաներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ռեակտորների սառեցման համար սովորաբար օգտագործվում է ծովի ջուրը: Մեդուզաները մեծ քանակությամբ հայտնաբերվել են ֆիլտրերի մեջ, որոնցով անցնում է հովացման համակարգի համար նախատեսված ջուրը: Ռեակտորը անջատված կմնա մի քանի օր շարունակ, մինչև կավարտվեն ֆիլտրերի մաքրման աշխատանքները:
Ատոմակայանը շահագործող EDF Energy ընկերությունում նշել են, որ անջատումն իրականացվել է անվտանգության պայմաններից ելնելով և հասարակության համար այն ոչ մի վտանգ չի պարունակում:







































