ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից հետո մամուլում այնպիսի կարծիք տարածվեց, թե նա ցանկություն ունի վերադառնալ քաղաքականություն: Բացի քաղաքական վերլուծություններից՝ մենք փորձեցինք պարզել, թե այս հարցի շուրջ ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները:
«Առաջին լրատվական»-ի տեսախցիկի առջև հայտնված քաղաքացիների մեծ մասն այն կարծիքը հայտնեց, որ չէր ցանկանա՝ երկրորդ նախագահը նորից վերադառնար քաղաքականություն: Մեր այն հարցին, թե պատկերացնո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, մեր զրուցակիցների մի մասն ուղղակի ասաց՝ չեմ էլ ուզում պատկերացնել:
Նրանցից մեկը մեր հարցին ի պատասխան՝ նշեց. «Ոչ մի բան չեմ էլ ուզում պատկերացնել, պատկերը կտրվի, ինձ չի գոհացրել մինչև իր գործունեության վերջը, իր ապրելն էլ իզուր եմ համարում», մեկ այլ քաղաքացի էլ հավելեց. «Ինքը նախագահ դարձավ կեղծումներով, մարդասպան նախագահ էր: Մարտի մեկի, Պողոս Պողոսյանի սպանության, մարդկանց վիճակի պատասխանատուն է, ոչ լեգիտիմ նախագահ է դարձել, չէ՞ որ ինքը ՀՀ քաղաքացի չէր»:
Այնուամենայնիվ, կային նաև դրական վերաբերմունք հայտնողներ: Նրանցից մեկի հավաստմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի մեջ գերիշխողը դրականն է, բայց առանձին դեպքերում նա նույնիսկ լկտի է պահում իրեն. «Հիմա մի քիչ դաստիարակվել է, առաջ բռի էր, եկավ, հայերեն սովորեց, բարքերին ընտելացավ, բայց ներսից վատը չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































